Ռիգայի գագաթնաժողովը ամրապնդեց Հայաստան-ԵՄ հարաբերությունները
Մայիսի 22-ին՝ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում, Եվրոպական միությունը և Արևելյան գործընկերության երկրները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ամփոփվեցին ԱլԳ երկրների՝ մինչ այժմ արձանագրած ձեռքբերումները և ընդգծվեցին նպատակներն ու առաջնահերթությունները մինչև մյուս գագաթնաժողով:
«Հայաստանի Եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ ) կազմակերպությունը ողջունում է այս հայտարարությունը: «Հայաստանը և ԵՄ-ն կարծես թե միասին աշխատում են երկուստեք կարևոր հարցերում փոխըմբռնման հաստատման համար, և սա հույս է ներշնչում, որ շուտով կմեկնարկեն կողմերի միջև համագործակցության նոր իրավական հիմքի բանակցությունները»,- այս առիթով մեկնաբանում է ՀԵԲ տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան:
Մայիսի 19-ին Եվրոպական հանձնաժողովը առաջարկեց սկսել բանակցային գործընթացը՝ այսպիսով ճանապարհ հարթելով Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի հաստատման համար: Ռիգայի գագաթնաժողովը ողջունում է «ԵՄ-ի և Հայաստանի միջև նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ փոխհամաձայնությունը, որը նպատակ ունի շարունակաբար զարգացնելու և ամրապնդելու կողմերի համապարփակ համագործակցությունը համատեղ կարևորության բոլոր ոլորտներում»: Հայտարարության մեջ թվարկվում է ավելի սերտ համագործակցության մի քանի ոլորտներ՝ այդ թվում նաև Հայաստանի առաջխաղացումը E5P-ին (Արևելյան եվրոպայի էներգետիկ արդյունավետության և շրջակա միջավայրի պահպանման համագործակցություն) միանալու գործընթացին: Read more