Նախագահ Սարգսյանը մասնակցել է «EuFoA»-ի «Պատվո խորհրդի» անդրանիկ նիստին

Երեկ` նոյեմբերի 23-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակերպության «Պատվո խորհրդի» անդրանիկ նիստին:

 

Ողջունելով Նախագահին և նորընտիր Խորհրդի անդամներին, «EuFoA»-ի տնօրեն Դիոգո Պինտոն շեշտել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի կարևորությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման առումով: «Շատերն ասում են, որ դա լինելու է «համեստ» գագաթնաժողով, բայց մեզ և միլիոնավոր հայերի համար դա լինելու է պատմական` նոր մեկնարկ արձանագրելով Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խորացման առումով, որը «EuFoA»-ի հիմնական առաքելությունն է»:

 

Պարոն Պինտոն ևս մեկ անգամ ընդգծել է «EuFoA»-ի պատրաստակամությունը` բարձրացնելու Եվրոպայում Հայաստանի ճանաչելիության մակարդակը և կառուցելու կամուրջներ Հայաստանի և Եվրոպական Միության միջև: «Հայաստանը կարող է հույս դնել իր ընկերների, Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա»,-ասել է պարոն Պինտոն Նախագահ Սարգսյանին: Իր հերթին, Նախագահը շնորհակալություն է հայտնել «EuFoA»-ի անդամներին` կատարած արժեքավոր ու կարևոր աշխատանքի, ինչպես նաև եվրոպական երկրների և կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը ամրապնդելու համար:

 

Նախագահ Սարգսյանը Խորհրդի անդամներին ներկայացրել է Բրյուսել աշխատանքային այցի շրջանակներում իր հանդիպումների ու քննարկումների հագեցած օրակարգը, ինչպես նաև խոսել ՀՀ-ԵՄ համագործակցության և հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին: Նախագահ Սարգսյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շեշտել են Եվրոպական Միության հետ Հայաստանի համար կարևոր հարցերի շուրջ համագործակցության հետագա խորացման կարևորությունը` հիմնված ժողովրդավարության եվրոպական արժեքների, օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա:

 

Նախագահի ելույթին հաջորդել է ակտիվ հարց ու պատասխան, որը համակարգվում էր կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյի կողմից: Բրիտանական խորհրդարանի անդամ Ստիվեն Փաունդը շեշտել է իր ազգային խորհրդարանի աջակցությունը Հայաստանին առնչվող հարցերի շուրջ` ներկայացնելով Հայաստանը որպես «քաղաքական կայունության փարոս անկայուն տարածաշրջանում»: Այնուհետև շոշափվել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև Հայաստանի ու Եվրոպայի ընդհանուր ինքնությանը վերաբերող հարցեր:

 

Հանդիպման ավարտին Նախագահ Սարգսյանը առաջարկել է «EuFoA»-ի «Պատվո խորհրդի» 2018 թ. նիստը անցկացնել Երևանում:

 

 

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Ապրիլի 2024
MO TU WE TH FR SA SU
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930