WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1733657922.6846220493316650390625', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

Արցախյան հակամարտությունը կազդի՞ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման վրա. EuFoA-ի տնօրեն Դիոգո Պինտոյի հարցազրույցը 1in.am-ին - EuFoA

Արցախյան հակամարտությունը կազդի՞ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման վրա. EuFoA-ի տնօրեն Դիոգո Պինտոյի հարցազրույցը 1in.am-ին

Արցախյան հակամարտության գոտում ստեղծված բարդ և լարված իրավիճակի գլխավոր պատճառներից մեկը Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծն է: Լինելով առաջին գծում՝ Լեռնային Ղարաբաղը ինչ-որ իմաստով դարձել է Իլհամ Ալիևի անձնական նկրտումների զոհը: Ալիևն ուզում է ամրապնդել իր և իր ընտանիքի իշխանությունը՝ փորձելով համախմբել ադրբեջանական հասարակությանը «արտաքին թշնամու», այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի և հայության դեմ: Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցերին՝ այսպիսի կարծիք է հայտնել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Դիոգո Պինտոն:

 

Փորձագետը մեկնաբանել է նաև այն հարցը, թե կարո՞ղ են արդյոք Հայաստանի անվտանգության խնդիրները ինչ-որ կերպ խոչընդոտել Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրմանը: Չբացառելով հնարավոր ֆորս-մաժորներ՝ Դիոգո Պինտոն ասել է, որ Երևանը և Բրյուսելը լիովին հանձնառու են ստորագրելու համաձայնագիրը նոյեմբերին:

– Պարոն Պինտո, ինչպե՞ս են զարգանում քաղաքական իրադարձությունները Եվրոպայում: Որո՞նք են եվրոպական երկրների ու Եվրամիության հիմնական մարտահրավերներն այսօր՝ Ֆրանսիայի նախագահական և Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններից հետո: Առաջիկայում խորհրդարանական ընտրություններ կլինեն նաև Գերմանիայում:

Եթե ավելի հետ գնանք և հաշվի առնենք նաև Ավստրիայի նախագահական և Հոլանդիայի խորհրդարանական ընտրությունները, ապա դրանք ցույց են տալիս, որ տեղի չունեցավ այն աղետը, որ կանխատեսում էին շատերը: Ընդհակառակը, թվում է, թե Բրեքսիթից և ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո, ընտրողները ինչ-որ առումով արթնացան և գիտակցեցին պոպուլիզմի (ամբոխահաճության) և հակաեվրոպականության վտանգները, և շատ մեծ թվով մարդիկ սկսեցին քվեարկել եվրոպամետ ցենտրիստների օգտին: Կարծում եմ, որ այս միտումը կպահպանվի Գերմանիայի ընտրությունների ժամանակ՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ մարդիկ լիովին աջակցում են եվրոպական նախագծին, Եվրոպական միությանը ու Եվրոպայի միասնականությանը: Սրան կարելի է ավելացնել, որ պարոն Թրամփի որոշ վիճելի հայտարարություններ և քայլեր, գլխավորապես իր որոշումը՝ դուրս գալու Կլիմայական փոփոխությունների փարիզյան համաձայնագրից, ստիպեցին Եվրամիության ղեկավարներին էլ ավելի համախմբված գործել և ավելի վճռական քայլեր անել որոշ հարցերում՝ նույնիսկ առանց ԱՄՆ-ի: Սրանք շատ լավ լուրեր են Եվրոպական միությունից:

– Շաբաթվա սկզբին Մեծ Բրիտանիան և Բրյուսելը սկսել են բանակցությունները Բրեքսիթի՝ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցի շուրջ: Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կավարտվի այս գործընթացը:

– Ես այլ կերպ կասեի, որ վերջապե՛ս նրանք սկսեցին բանակցությունները: Անցել է մեկ տարի Միացյալ Թագավորությունում անցկացված հանրաքվեից և երեք ամիս՝ Բրեքսիթի բանակցություններն ավարտին հասցնելու համար տրված վերջնաժամկետի մեկնարկից: Արդեն ժամանակն է սկսելու այս բանակցությունները: Ինչպես գիտեք, նրանք հիմա են սկսել բանակցությունները, քանի որ Միացյալ Թագավորությունը, կարծես թե, ինքն էլ հստակ չգիտի, թե որն է իր դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ, և դժբախտաբար բրիտանացիների համար, վարչապետ Մեյը, կարծես թե, չստացավ այն հստակությունը խնդրի մասին, որը նա ցանկանում էր ստանալ վաղաժամ ընտրությունների միջոցով: Ընդհակառակը, ներքաղաքական իրավիճակը միայն բարդացել է՝ Հյուսիսային Իռլանդիայի խիստ պահպանողական Ժողովրդավարական յունիոնիստների կուսակցության (DUP) ներգրավման պատճառով: Ուստի, ես իսկապես չգիտեմ, թե ինչ կարելի է սպասել: Եկեք սպասենք և տեսնենք, նախ և առաջ, թե արդյոք Միացյալ Թարգավորությունը կունենա կայուն կառավարություն, թե՞ շուտով նոր ընտրություններ կանցկացվեն: Ամեն դեպքում Բրեքսիթի ժամի սլաքը շարունակելու է պտտվել, իսկ հապճեպ կամ վատ կազմակերպված բանակցություններից տուժելու է հենց Միացյալ Թագավորությունը: Բայց ամենից շատ Միացյալ Թագավորությունը կտուժի այն դեպքում, եթե ընդհանրապես որևէ գործարք չկնքվի կողմերի միջև: Սա կանջատի բրիտանացիներին Եվրամիությունից՝ առանց որևէ պայմանավորվածության:

– Ի՞նչ կարծիք ունեք Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին օրերին գրանցված միջադեպերի մասին: Որքանո՞վ է այս վիճակը մտահոգիչ տարածաշրջանի անվտանգության և կայունության տեսանկյունից:

– Նախորդ շաբաթվա իրադարձությունները և զոհերի փաստը Լեռնային Ղարաբաղի շփման գծում խիստ մտահոգիչ են, բայց ցավոք անակնկալ չեն: Շատ փորձագետներ վաղուց կանխատեսում են լարվածության աճ և ռազմական նոր բախումների հավանականություն: Սրա պատճառներն են խաղաղ բանակցությունների փակուղի մտնելը, չլուծված հարցերը, որ մնացել են նախորդ տարվա քառօրյա պատերազմից հետո, բայց նաև ու հնարավոր է՝ ամենամեծ պատճառը ադրբեջանական կողմի ագրեսիվ վարքագիծն է:

Գնալով ավելի բարդացող տնտեսական բարդ վիճակի ճնշման տակ Ադրբեջանի ղեկավարությունը նախ որոշակի քայլեր ձեռնարկեց երկրի ներսում՝ բանտարկելով լրագրողների, մարդու իրավունքների ու քաղաքական ակտիվիստների և ընդդիմության առաջատար գործիչների: Եվ քանի որ սա միայն ավելացրեց արտաքին ճնշումը Ադրբեջանի նկատմամբ, ինչպես ցույց տվեց Եվրոպական խորհրդարանի նախորդ շաբաթվա բանաձևը, Բաքուն հիմա շատ է ցանկանում վերաակտիվացնել հայկական վտանգի ընկալումը երկրի ներսում՝ հույս ունենալով վերամիավորել ադրբեջանական հանրությանը արտաքին թշնամու դեմ: Լեռնային Ղարաբաղը առաջին գծում է, այդ պատճառով էլ ինչ-որ առումով դարձել է պարոն Ալիևի քաղաքականության զոհը: Նա ձգտում է ամրապնդել իր, իր ընտանիքի և ընկերների իշխանությունը: Հետևաբար իրադրությունը մտահոգիչ է ողջ տարածաշրջանի համար, և եթե միջազգային հանրությունը, հատկապես Մինսկի խումբը չճանաչի մեղավորին և չկարողանա զսպել Ադրբեջանին, վախենամ, որ վիճակը կարող է ավելի վատանալ՝ նախքան բարելավվելը:

– Թե՛ եվրոպական և թե՛ հայկական կողմերը հայտարարել են, որ պատրաստվում են Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում, ստորագրել նոր Համաձայնագիրը Հայաստանի ու Եվրամիության միջև: Անվտանգության խնդիրները և ստեղծված բարդ իրավիճակը Արցախյան հակամարտության գոտում կարո՞ղ են լրջորեն ազդել համաձայնագրի ստորագրման վրա:

– Ինչպես ինքներդ նշեցիք՝ երկու կողմերը համաձայնության են եկել և հայտարարել են, որ Համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ: Համենայնդեպս, այդպես է ծրագրված: Իհարկե, եթե լուրջ իրադարձություններ տեղի ունենան այդ ընթացքում, ծրագիրը կարող է փոխվել այլ առաջնահերթությունների պատճառով: Բայց ես չեմ կարծում, որ դա տեղի կունենա: Կարծում եմ, որ երկու կողմերն էլ լիովին հանձնառու են ստորագրելու Համաձայնագիրը նոյոմբերին, և վստահ եմ, որ հենց այդպես էլ կլինի:

 

Հարցազրույցը ամբողջությամբ հասանելի է ԱՅՍՏԵՂ:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Դեկտեմբերի 2024
MO TU WE TH FR SA SU
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031