Ր. Հովհաննիսյանը զգալիորեն բարելավում է իր դիրքերը, սակայն Ս. Սարգսյանի՝ առաջին փուլում հաղթելու հավանականությունը դեռ ամենամեծն է
Հայերեն լեզվով կարդալու համար խնդրում ենք սեղմել այստեղ:
Մամլո հաղորդագրությունը PDF ձևաչափով բեռնելու համար սեղմե՛ք այստեղ:
«Մենք այս հարցումն իրականացրել ենք քարոզարշավի միջնամասում եւ ապահովելով որակի ստուգման համապատասխան մեթոդներ՝ ստացել ենք շատ վստահելի եւ հաստատուն տվյալներ», — մեկնաբանում է TNS opinion բրյուսելյան գրասենյակի՝ մեթոդների եւ վիճակագրության տնօրեն դոկտոր Սթիվ Շվարցերը: «Այժմ մենք տեսնում ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը կրկին ունի առավել վստահ ընտրողներ, որոնց թիվը գրեթե երկու անգամ գերազանցում է նրան հաջորդող Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրներին: Այդուամենայնիվ, հարցվածները նշում են, որ առայժմ Ր. Հովհաննիսյանի քարոզարշավն ավելի համոզիչ է թվում՝ կենտրոնանալով հիմնականում տնտեսական խնդիրներին ուղղված քարոզչության վրա: Հետաքրքրական է, որ նա այժմ ԲՀԿ-ի համակիրների ավելի մեծ աջակցություն է ստանում, քան գործող նախագահը, ինչը հստակ տարբերվում է մեր նախորդ հարցման տվյալներից»:
Արդյունքում, եթե նախագահական ընտրությունները կայանային նախորդ շաբաթ, Սերժ Սարգսյանը կհավաքեր 58,0% [-10,6% 2013-ի հունվարի մեր հարցման տվյալների համեմատ] վավեր քվե (վավեր պատասխանները չեն ներառում «Դժվարանում եմ պատասխանել» եւ «Հրաժարվում եմ պատասխանել» տարբերակները, իսկ չմշակված տվյալները ներառում են դրանք՝ կազմելով 40,2% [-3,8%]): Հարցման համաձայն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ստանում է 33,0% [+12,2%] վավեր քվե (չմշակված տվյալները՝ 22,9% [+9,6%]): Պարզելու համար ընտրությունների երկրորդ փուլի հավանականությունը՝ TNS opinion ը գնահատել է նաեւ քվեարկելու հաստատակամությունը եւ վերլուծել այն հարցվածների բնութագրերը, ովքեր չեն բացահայտել ընտրելու իրենց մտադրությունները: Համաձայն այդ վերլուծության՝ Ր. Հովհաննիսյանն այժմ գտնվում է 26%-34% միջակայքում, իսկ Ս. Սարգսյանը՝ 58%-66%, եւ առաջին փուլում գործող նախագահի հաղթանակը շատ հավանական է՝ հիմնվելով ընտրություններից երկու շաբաթ առաջ տիրող իրավիճակի վրա:
Հունվարի 31-ին (այս հարցման դաշտային աշխատանքի առաջին օրվա ավարտին) դեռեւս չպարզված հանգամանքներում ուսին հրազենային վնասվածք ստացած թեկնածու Պարույր Հայրիկյանի ընտրողները հիմա շատ ավելի վստահ են, որ իրենց որոշումը վերջնական է, նաեւ աճել է հասարակության տեղեկացվածությունը Հայրիկյանի մասին: Այնուամենայնիվ, նրա ընտրողների թիվը մնում է կայուն՝ կազմելով 4,9% [+0,1%] վավեր քվե: Հրանտ Բագրատյանն այժմ հավաքում է 1,6% պակաս ձայն, քան հունվարին՝ ստանալով 2,8% վավեր քվե: Ինչպես եւ հունվարին, հարցվածները մեծամասամբ ծանոթ չեն մյուս չորս թեկնածուներին, ովքեր միասին հավաքում են 1,5%-ից պակաս վավեր քվե:
«Թեկնածուների վարկանիշներից բացի, մեզ համար ուրախալի անակնկալ էր այս ընտրությունների նկատմամբ հարցվածների վստահությունը, ինչը կարևոր հանգամանք է Հայաստանի ժողովրդավարության եւ քաղաքական կերպարի համար: Ընտրողների ավելի քան 2/3-ը հավատում է, որ առաջիկա նախագահական ընտրությունները նախորդներից ավելի կազմակերպված կլինեն, նրանք նաեւ կարծում են, որ ԶԼՄ-ների լուսաբանումը ավելի չեզոք եւ անաչառ է, քան նախկինում: Մարդկանց թիվը, ովքեր հաստատում են ընտրություններին մասնակցելու պատրաստակամությունը, գրեթե նույնն է, ինչ 2012-ի մայիսի առավել մրցակցային ընտրությունների ժամանակ», — նշում է ՀԵԲ-ի գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը:
ՀԵԲ-ը այս հարցումը պատվիրել է մի շարք պատճառներով: Մասնավորապես մենք ցանկանում ենք.
- Բարձրացնել հանրային իրազեկության մակարդակը ընտրությունների, հանրության համար կարեւոր հարցերի եւ քաղաքականության, կուսակցությունների եւ նրանց առաջնորդների նկատմամբ հասարակության ունեցած մոտեցումների վերաբերյալ:
- Այս հարցման արդյունքներով բացահայտված սոցիալ-տնտեսական եւ քաղաքական տվյալները համեմատել նախորդ հարցումների արդյունքների հետ:
- Նպաստել ավելի իմաստալից քննարկմանը, որը հիմնված կլինի ավելի շատ քաղաքական բովանդակության, քան կուսակցությունների քաղաքական քարոզչության եւ ասեկոսեների վրա:
- Բարձրացնել հասարակության թափանցիկության եւ Հայաստանի քաղաքական կյանքի իրատեսական պատկերի նկատմամբ ունեցած վստահության մակարդակը:
- Ուժեղացնել ընտրությունները տեխնիկապես պատշաճ մակարդակով անցկացնելու ուղղությամբ գործադրվող ճնշումը՝ միջազգային դիտորդներին համեմատական տվյալներ տրամադրելու միջոցով:
Հարցման ամբողջական տարբերակը կարող եք գտնել հայերեն և անգլերեն լեզուներով մեր կայքում՝ www.eufoa.org/en/publications:
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ հարցման վերաբերյալ
Մեթոդաբանություն
- Հետազոտությունում կիրառվել է բազմաստիճան, պատահական (հավանականային) ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: TNS opinion և IPSC ընկերությունները կիրառել են հնարավոր լավագույն մեթոդաբանությունը:
- Իրականացվել է 1,609 դեմ առ դեմ հարցազրույց` 2013 թ. հունվարի 31 — փետրվարի 5-ը:
- Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն. Երևանում` 34.4%, մարզերում` 65.6%:
- Տնային տնտեսություններն ընտրվել են պատահական քայլով՝ բացառելու համար հարցազրուցավարների կողմից հարցվողների հնարավոր կողմնակալ ընտրության հետևանքով առաջացող սիստեմատիկ սխալները: Պատահական ընտրությունն ապահովելու համար տնային տնտեսություններում հարցման համար ընտրվել է այն անդամը, ում ծննդյան օրն ամենամոտն էր հարցման օրվան:
- Եթե հարցման համար ընտրված անձը տվյալ պահին բացակայել է, ապա իրականացվել է մեկից երկու հետայց` հենց նրա հետ հարցազրույց իրականացնելու համար: Հետայցերի անհաջողության կամ ընտրված անձի` հարցազրույցին մասնակցելուց հրաժարվելու դեպքում հարցազրուցավարը նախորոշված ընթացակարգով ընտրել է հաջորդ տնային տնտեսությունը:
- Ընտրանքի իրականացման վերահսկման համար յուրաքանչյուր հարցազրուցավար պարտավոր է եղել լրացնել իր այցելած տնային տնտեսությունների հասցեների այցացուցակը: Այցացուցակների տվյալների շտեմարանը վերլուծվել է TNS opinion-ի ներկայացուցչի կողմից՝ հավաստիանալու, որ հարցազրուցավարները պահպանել են տնային տնտեսությունների և հարցվողների ընտրության նախորոշված ցուցումները:
- Տվյալները համակշռվել են՝ ըստ ՀՀ բնակչության սեռատարիքային բաշխման: Հետազոտության արդյունքների ընտրանքային սխալը ±2.4% է:
Որակի վերահսկումը
- TNS opinion-ը և IPSC-ն համատեղ պլանավորել և համաձայնեցրել են ինչպես պատահական ընտրանքի կազմավորումը, դաշտային աշխատանքների իրականացումը, այնպես էլ որակի վերահսկողության մեթոդաբանությունը:
- Հարցազրույցների իրականացման որակի համապատասխան ստանդարտներն ապահովելու համար հարցա-զրույցների 22%-ն իրականացվել է IPSC-ի դաշտային աշխատանքների որակի վերահսկման համակարգողների ներկայությամբ: IPSC-ի հարցաթերթերի որակի ստուգման պատասխանատուները ստուգել են բոլոր հարցաթերթերի լրացման որակը, այդ թվում` լրացված պատասխանների տրամաբանական համապատասխանությունը: Հարցաթերթերի 6%-ը ստուգվել է հետայցերով: Իրականացվել է տվյալների շտեմարան մուտքագրված հարցաթերթերի 25%-ի վերստուգում: Բոլոր ստուգումների արդյունքում խոտանվել է 31 հարցազրույց (1.9%- ի չափով) և վավեր է ճանաչվել 1,609 հարցազրույց:
- TNS opinion-ը և IPSC-ն միմյանցից անկախ ստուգել են հարցազրուցավարների երթուղային թերթիկները` հավաստիանալու, որ հարցվողների ընտրությունն իրականացվել է նախորոշված պատահական ընթացակարգով:
- IPSC-ն հեռախոսազանգերի միջոցով ստուգել է բոլոր հարցվածների 33%-ի ժողովրդագրական բնութագրերը, ինչպես նաև հարցերի պատասխանների համապատասխանությունը հարցազրուցավարի կողմից հարցաթերթերում լրացված տվյալներին: Բացի դրանից, TNS opinion-ը հեռախոսազանգերով ստուգել է իրականացված հարցազրույցների պատահականորեն ընտրված 15%-ը` հարցվածների ժողովրդագրական բնութագրերը և հարցվողի դիրքորոշումներին վերաբերող երկու պատահականորեն ընտրված հարցերին տրված պատասխանները: Ստուգումը հավաստել է հավաքագրված տվյալների համապատասխանությունը որակի պահանջված մակարդակին:
- TNS opinion-ը բազմակողմանիորեն ստուգել է տվյալների շտեմարանը` տրամաբանական անհամապատասխանությունների, ոչ ադեկվատ պատասխանների, պատահական սխալների և անվավեր տեղեկությունների հայտնաբերման նպատակով: Ստուգման արդյունքում արձանագրվել է դրական գնահատական` ոչ մի հարցազրույց չի խոտանվել:
Տեղեկություններ կազմակերպիչների մասին
TNS-ը (www.tnsglobal.com) համաշխարհային առաջատար է հանրային կարծիքի ուսումնասիրության և սոցիոլոգիական հարցումների ոլորտում: Այն ներկայացված է աշխարհի 5 մայրցամաքների ավելի քան 70 երկրներում՝ ամբողջությամբ կամ բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթով իր սեփականությունը հանդիսացող ավելի քան 150 գրասենյակներով և մասնաճյուղերով: Գրասենյակներն իրականացնում են շուկայի հետազոտություններ, հասարակական կարծիքի ուսումնասիրություններ և խորը վերլուծություններ աշխարհի ավելի քան 110 երկրներում: Նրանց նպատակն է տրամադրել շուկայի և հասարակական կարծիքի ամենախիստ տեխնիկական չափանիշներին համապատասխանող հետազոտություններ` բարձրորակ ծառայությունների և սեփական մշակումների կիրառմամբ: TNS opinion-ն ունի ավելի քան 35 տարվա փորձ քաղաքական, սոցիալական և հասարակական կարծիքի ուսումնասիրությունների ոլորտում, մասնավորապես աշխարհում հասարակական կարծիքի ամենաընդգրկուն` «Ստանդարտ Եվրոբարոմետր» հարցումների ծրագրում, որն իրականացվում է Եվրոպական Հանձնաժողովի լիազորությամբ: TNS opinion-ը Եվրոպայի, Աֆրիկայի և աշխարհի այլ տարածաշրջանների այլ երկրներում իրականացրել է հանրային կարծիքի բազմաթիվ ուսումնասիրություններ` հանդիսանալով դրանց համակարգող կենտրոնը: Հետազոտություններում, որոնցում որպես հետազոտական օբյեկտներ հանդես են եկել տարբեր թիրախային խմբեր` ամբողջ հասարակությունից մինչև վերնախավեր և առաջատար գործարար շրջանակներ, կիրառվել են ամենատարբեր հետազոտական մեթոդներ` դեմ առ դեմ հարցումներից մինչև հեռախոսային և առցանց հարցազրույցներ:
Լրաթերթ
Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար: