Հայաստանցիները ընտրություններին լուրջ են վերաբերվում, չնայած գործող նախագահի հստակ առաջատար լինելուն
Այսօր TNS opinion-ը ներկայացնում է «Պատկերը Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ» հարցման արդյունքները, որոնք բնութագրում են հայաստանցի ընտրողների տրամադրությունները, նախընտրությունները եւ մտադրությունները նախընտրական պաշտոնական քարոզարշավից անմիջապես առաջ:
TNS opinion-ը այս հարցումն իրականացրել է իր հայկական գործընկերոջ՝ IPSC-ի հետ միասին. 2013 թվականի հունվարի 15-20-ն ընկած ժամանակահատվածում 1.607 դեմառդեմ հարցազրույցներ են անցկացվել բոլոր 10 մարզերում եւ Երեւանի 12 համայնքներում՝ կիրառելով հնարավոր ամենաբարձր չափանիշները եւ որակի լայնածավալ վերահսկում: Հարցումը պատվիրվել է Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպության (www.EuFoA.org) կողմից՝ ընտրություններին ընդառաջ փաստերի վրա հիմնված քննարկումներ խրախուսելու համար (ստորեւ կարող եք մանրամասն ծանոթանալ մեր եւ գործընկեր կազմակերպությունների դրդապատճառներին):
- Բարձրացնել հանրային իրազեկության մակարդակը ընտրությունների, հանրության համար կարեւոր հարցերի եւ քաղաքականության, կուսակցությունների եւ նրանց առաջնորդների նկատմամբ հասարակության ունեցած մոտեցումների վերաբերյալ:
- Այս հարցման արդյունքներով բացահայտված սոցիալ-տնտեսական եւ քաղաքական տվյալները համեմատել 2012-ի մարտին եւ ապրիլին իրականացված հարցումների արդյունքների հետ:
- Նպաստել ավելի իմաստալից քննարկմանը, որը հիմնված կլինի ավելի շատ քաղաքական բովանդակության, քան կուսակցությունների քաղաքական քարոզչության եւ ասեկոսեների վրա:
- Բարձրացնել հասարակության թափանցիկության եւ Հայաստանի քաղաքական կյանքի իրատեսական պատկերի նկատմամբ ունեցած վստահության մակարդակը:
- Ուժեղացնել ընտրությունները տեխնիկապես պատշաճ մակարդակով անցկացնելու ուղղությամբ գործադրվող ճնշումը՝ միջազգային դիտորդներին համեմատական տվյալներ տրամադրելու միջոցով:
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ հարցման վերաբերյալ
Մեթոդաբանությունը
- Հետազոտությունում կիրառվել է բազմաստիճան, պատահական (հավանականային) ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: TNS opinion և IPSC ընկերությունները կիրառել են հնարավոր լավագույն մեթոդաբանությունը:
- Իրականացվել է 1,607 դեմ առ դեմ հարցազրույց` 2013 թ. հունվարի 15-20-ը:
- Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն. Երևանում` 34.1%, մարզերում` 65.9 %:
- Տնային տնտեսություններն ընտրվել են պատահական քայլով՝ բացառելու համար հարցազրուցավարների կողմից հարցվողների հնարավոր կողմնակալ ընտրության հետևանքով առաջացող սիստեմատիկ սխալները: Պատահական ընտրությունն ապահովելու համար տնային տնտեսություններում հարցման համար ընտրվել է այն անդամը, ում ծննդյան օրն ամենամոտն էր հարցման օրվան:
- Եթե հարցման համար ընտրված անձը տվյալ պահին բացակայել է, ապա իրականացվել է մեկից երկու հետայց` այնուամենայնիվ հենց նրա հետ հարցազրույց իրականացնելու համար: Հետայցերի անհաջողության կամ ընտրված անձի` հարցազրույցին մասնակցելուց հրաժարվելու դեպքում հարցազրուցավարը նախորոշված ընթացակարգով ընտրել է հաջորդ տնային տնտեսությունը:
- Ընտրանքի իրականացման վերահսկման համար յուրաքանչյուր հարցազրուցավար պարտավոր է եղել լրացնել իր այցելած տնային տնտեսությունների հասցեների այցացուցակը: Այցացուցակների տվյալների շտեմարանը վերլուծվել է TNS opinion-ի ներկայացուցչի կողմից՝ հավաստիանալու, որ հարցազրուցավարները պահպանել են տնային տնտեսությունների և հարցվողների ընտրության նախորոշված ցուցումները:
- Տվյալները համակշռվել են՝ ըստ ՀՀ բնակչության սեռատարիքային բաշխման: Հետազոտության արդյունքների ընտրանքային սխալը ±2.4% է:
Որակի վերահսկում
- TNS opinion-ը և IPSC-ն համատեղ պլանավորել և համաձայնեցրել են ինչպես պատահական ընտրանքի կազմավորումը, դաշտային աշխատանքների իրականացումը, այնպես էլ որակի վերահսկողության մեթոդաբանությունը:
- Հարցազրույցների իրականացման որակի համապատասխան ստանդարտներն ապահովելու համար հարցա-զրույցների 20%-ն իրականացվել է IPSC-ի դաշտային աշխատանքների որակի վերահսկման համակարգողների ներկայությամբ: IPSC-ի հարցաթերթերի որակի ստուգման պատասխանատուները ստուգել են բոլոր հարցաթերթերի լրացման որակը, այդ թվում` լրացված պատասխանների տրամաբանական համապատասխանությունը: Հարցաթերթերի 6%-ը ստուգվել է հետայցերով: Իրականացվել է տվյալների շտեմարան մուտքագրված հարցաթերթերի 25%-ի վերստուգում: Բոլոր ստուգումների արդյունքում խոտանվել է 58 հարցազրույց ( 3.6%- ի չափով) և վավեր է ճանաչվել 1,607 հարցազրույց:
- TNS opinion-ը և IPSC-ն միմյանցից անկախ ստուգել են հարցազրուցավարների երթուղային թերթիկները` հավաստիանալու, որ հարցվողների ընտրությունն իրականացվել է նախորոշված պատահական ընթացակարգով:
- IPSC-ն հեռախոսազանգերի միջոցով ստուգել է բոլոր հարցվածների 36%-ի ժողովրդագրական բնութագրերը, ինչպես նաև հարցումների իրականացման պայմանների համապատասխանությունը հարցազրուցավարի կողմից հարցաթերթերում լրացված տվյալներին: Բացի դրանից, TNS opinion-ը հեռախոսազանգերով ստուգել է իրականացված հարցազրույցների պատահականորեն ընտրված 15%-ը` հարցվածների ժողովրդագրական բնութագրերը և հարցվողի դիրքորոշումներին վերաբերող երկու պատահականորեն ընտրված հարցերին տրված պատասխանները: Ստուգումը հավաստել է հավաքագրված տվյալների համապատասխանությունը որակի պահանջված մակարդակին:
- TNS opinion-ը բազմակողմանիորեն ստուգել է տվյալների շտեմարանը` տրամաբանական անհամապատասխանությունների, ոչ ադեկվատ պատասխանների, պատահական սխալների և անվավեր տեղեկությունների հայտնաբերման նպատակով: Ստուգման արդյունքում արձանագրվել է դրական գնահատական` ոչ մի հարցազրույց չի խոտանվել:
Տեղեկություններ կազմակերպիչների մասին
TNS-ը (www.tnsglobal.com) համաշխարհային առաջատար է հանրային կարծիքի ուսումնասիրության և սոցիոլոգիական հարցումների ոլորտում: Այն ներկայացված է աշխարհի 5 մայրցամաքների ավելի քան 70 երկրներում՝ ամբողջությամբ կամ բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթով իր սեփականությունը հանդիսացող ավելի քան 150 գրասենյակներով և մասնաճյուղերով: Գրասենյակներն իրականացնում են շուկայի հետազոտություններ, հասարակական կարծիքի ուսումնասիրություններ և խորը վերլուծություններ աշխարհի ավելի քան 110 երկրներում: Նրանց նպատակն է տրամադրել շուկայի և հասարակական կարծիքի ամենախիստ տեխնիկական չափանիշներին համապատասխանող հետազոտություններ` բարձրորակ ծառայությունների և սեփական մշակումների կիրառմամբ: TNS opinion-ն ունի ավելի քան 35 տարվա փորձ քաղաքական, սոցիալական և հասարակական կարծիքի ուսումնասիրությունների ոլորտում, մասնավորապես աշխարհում հասարակական կարծիքի ամենաընդգրկուն` «Ստանդարտ Եվրոբարոմետր» հարցումների ծրագրում, որն իրականացվում է Եվրոպական Հանձնաժողովի լիազորությամբ: TNS opinion-ը Եվրոպայի, Աֆրիկայի և աշխարհի այլ տարածաշրջանների այլ երկրներում իրականացրել է հանրային կարծիքի բազմաթիվ ուսումնասիրություններ` հանդիսանալով դրանց համակարգող կենտրոնը: Հետազոտություններում, որոնցում որպես հետազոտական օբյեկտներ հանդես են եկել տարբեր թիրախային խմբեր` ամբողջ հասարակությունից մինչև վերնախավեր և առաջատար գործարար շրջանակներ, կիրառվել են ամենատարբեր հետազոտական մեթոդներ` դեմ առ դեմ հարցումներից մինչև հեռախոսային և առցանց հարցազրույցներ:
«Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը (IPSC) (www.ipsc.am) հետազոտական ընկերություն է, որն իրականացնում է հանրային կարծիքի ուսումնասիրություններ, մարկետինգային հետազոտություններ, մոնիտորինգի և գնահատման հարցումներ, օմնիբուս հետազոտություններ, խորհրդատվություն, վերապատրաստում: IPSC-ն հետազոտությունների իրականացման համար կիրառում է հեռախոսային հարցումների (CATI), դեմ առ դեմ հարցազրույցների (CAPI), օնլայն հարցումների (CAWI), ֆոկուս խմբային քննարկումների, որակական հարցազրույցների, գաղտնի գնորդի մեթոդները: Մինչ 2013թ.-ը IPSC-ն իրականացրել է ավելի քան 140 հետազոտություն ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ բոլոր մարզերում բիզնեսի, սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների, քաղաքականության, ընտրությունների մոնիտորինգի, շուկայի, կրթության, առողջապահության ոլորտներում: Մինչ 2013թ.-ի հունվարը հարցումներին ընդհանուր առմամբ մասնակցել է 200,000 ՀՀ քաղաքացի:
ՀԵԲ — Հայաստանի Եվրոպացի Բարեկամները (www.EuFoA.org) հայտնի հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Բրյուսելում որպես առանց շահույթի միջազգային ընկերություն: Այն տարածում է իր գործունեությունը ողջ Եվրոպայում` սկսած 2009թ.-ի մայիսից: ՀԵԲ-ը նպատակ ունի կապեր հաստատել հայ եւ եվրոպացի գործիչների միջեւ քաղաքականության, գործարարության եւ մշակույթի ոլորտներում, ինչպես նաև աջակցել Հայաստանի հետագա ինտեգրմանը Եվրոպայի քաղաքական, տնտեսական և մշակութային կառույցներին: Մենք ձգտում ենք Հայաստանում խորացնել եվրոպական ժողովրդական արժեքները՝ խրախուսելով քաղաքացիական հասարակության անդամների միջև շփումը, բարձրացնելով Հայաստանում Եվրոպայի, իսկ Եվրոպայում Հայաստանի եւ ղարաբաղյան հակամարտության մասին իրազեկության մակարդակը:
Լրաթերթ
Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար: