EuFoA-ի տնօրեն Դիոգո Պինտոյի և ԵԽ պատգամավորների համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի շփման գծում վերջին դեպքերի առնչությամբ
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակամարտության սրացման մասին փաստող վերջին դեպքերը, որոնք, ցավոք, կրկին մարդկային կորուստների պատճառ դարձան, խիստ մտահոգիչ են մեզ բոլորիս համար, քանի որ մենք հավատում ենք խաղաղության և փոխըմբռնման արժեքներին: Այդ առիթով մենք մեր ցավակցությունն ու զորակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին և ընկերներին:
Զահրա Գուլիևան և նրա տատիկը՝ Սահիբան, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով գրանցված վերջին լարվածության հերթական զոհերն են: Ադրբեջանի համար սովորական գործելաոճ է դարձել կրակ բացել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ քաղաքացիական բնակավայրերին շատ մոտ դիրքերից (այդ գործելաոճը մեծապես քննադատվում է Ժնևի Կոնվենցիայով, և ինքնին համարվում է պատերազմական հանցանք)` վտանգի տակ դնելով սեփական բնակիչներին:
Այս երկու անունները ավելանում են հայ և ադրբեջանցի բոլոր այն զոհված քաղաքացիական և զինվորական անձանց ցուցակին, որոնք անդառնալի գին են վճարել միջազգային հանրության անտարբերության և ձախողման հետևանքով, քանի որ չեն կանխվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փորձերը:
Անցյալ տարվա «քառօրյա պատերազմին» հաջորդող շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվեց համաձայնություն տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի մոնիթորինգային հնարավորությունների ընդլայնման առաջարկին, ինչի հետևանքով Ադրբեջանը ոչ միայն ուժեղացրեց իր հակահայկական քարոզչությունը և մեծացրեց պատերազմի սպառնալիքների ինտենսիվությունը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ, այլև ակտիվացրեց սադրիչ գործողությունները: Սա Բաքվի պատասխանն է երկրի ներսում մարդու իրավունքների խախտումների և մամուլի ազատության սահմանափակման վերաբերյալ արտաքին քննադատություններին և ճնշումներին, ինչպես նաև վերջին շրջանում Ադրբեջանի՝ ահաբեկչական կազմակերպություններին զենք վաճառելու վերաբերյալ տեղեկությունների տարածմանը:
Մենք կոչ ենք անում անմիջապես սաստել Ադրբեջանի ռազմական ագրեսիան, և վերահաստատում ենք մեր այն համոզմունքը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է խաղաղ լուծում ստանա՝ տեղի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Սա միակ ուղին է՝ դադարեցնելու երկու կողմերի քաղաքացիական անձանց և երիտասարդ զինակոչիկների մահվան հետագա հնարավոր դեպքերը:
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա էսկալացիան սպառնում է անկայունության խորացմամբ ամբողջ տարածաշրջանում՝ հրահրելով նոր հումանիտար ճգնաժամ ԵՄ հարևանության տարածքում:
Մենք նաև կոչ ենք անում Եվրոպական Միությանը ակտիվորեն նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և առկախելով քաղաքական համագործակցությունը Ադրբեջանի հետ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ երկիրը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, չի հարգում մարդու իրավունքները և բարիդրացիական հարաբերությունները:
Եվրոպայի խորհրդարանի անդամներ՝
Ֆրանկ Էնգել, ԵԺԿ
Ջոսու Խուարիստի, Եվրոպական միացյալ ձախեր/Նորդ ձախ կանաչներ խմբակցություն
Պետեր Նիեդերմյուլլեր, Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Յարոմիր Շտետինա, ԵԺԿ
Ժոզեֆ-Մարիա Տերիկաբրաս, Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինք
Էլենի Թեոքարուս, Եվրոպական կոնսերվատիվներ և ռեֆորմիստներ
EuFoA-ի տնօրեն
Դիոգո Պինտո
Լրաթերթ
Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար: