WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1714087746.8444070816040039062500', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

Հայաստանցիները ընտրություններին լուրջ են վերաբերվում, չնայած գործող նախագահի հստակ առաջատար լինելուն - EuFoA

Հայաստանցիները ընտրություններին լուրջ են վերաբերվում, չնայած գործող նախագահի հստակ առաջատար լինելուն

Այսօր TNS opinion-ը ներկայացնում է «Պատկերը Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ» հարցման արդյունքները, որոնք բնութագրում են հայաստանցի ընտրողների տրամադրությունները, նախընտրությունները եւ մտադրությունները նախընտրական պաշտոնական քարոզարշավից անմիջապես առաջ:

 

TNS opinion-ը այս հարցումն իրականացրել է իր հայկական գործընկերոջ՝ IPSC-ի հետ միասին. 2013 թվականի հունվարի 15-20-ն ընկած ժամանակահատվածում 1.607 դեմառդեմ հարցազրույցներ են անցկացվել բոլոր 10 մարզերում եւ Երեւանի 12 համայնքներում՝ կիրառելով հնարավոր ամենաբարձր չափանիշները եւ որակի լայնածավալ վերահսկում: Հարցումը պատվիրվել է Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպության (www.EuFoA.org) կողմից՝ ընտրություններին ընդառաջ փաստերի վրա հիմնված քննարկումներ խրախուսելու համար (ստորեւ կարող եք մանրամասն ծանոթանալ մեր եւ գործընկեր կազմակերպությունների դրդապատճառներին):

«Հարցումն իրականացվել է ամենաբարձր չափանիշներով, եւ տվյալներն իրապես շատ վստահելի են: Կարծում եմ՝ առավել զարմացնող արդյունքն այն է, որ հարցվածների 69%-ը արդեն հաստատ որոշել է մասնակցել ընտրություններին: Սա ոգեւորող անակնկալ էր այն դեպքում, երբ խորհրդարանական վեց ուժերից երեքը չառաջադրեցին կամ չաջակցեցին որեւէ թեկնածուի: Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նշված ուժերի աջակիցներից գրեթե կեսը համարում են, որ դա սխալ որոշում էր, բայց ակնհայտորեն նրանց մեծ մասը, այդուամենայնիվ, լուրջ են վերաբերվում ընտրություններին եւ պատրաստվում են քվեարկել», — նշում է TNS opinion Բրյուսելի մեթոդների եւ վիճակագրության տնօրեն դոկտոր Սթիվ Շվարցերը:
Ի սկզբանե ունենալով բարձր ցուցանիշ՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանին, թվում է, օգնեց քաղաքական հակառակորդների չառաջադրվելը, եւ նա պաշտոնական քարոզարշավը սկսում է 68,6% վավեր քվեներով (վավեր պատասխանները չեն ներառում «Դժվարանում է պատասխանել» եւ «Հրաժարվում է պատասխանել» տարբերակները, իսկ չմշակված տվյալները ներառում են դրանք՝ կազմելով 44,0%): Րաֆֆի Հովհաննիսյանը դարձել է հիմնական մրցակից եւ բազմապատկել իր համակիրների թիվը՝ համեմատած 2012-ի մայիսի խորհրդարանական ընտրությունների հետ: Եթե նախագահական ընտրությունները կայանային անցած շաբաթ, նա կհավաքեր 20,8% վավեր քվե (չմշակված տվյալները՝ 13,3%): Միեւնույն ժամանակ Պարույր Հայրիկյանը եւ Հրանտ Բագրատյանը ստացել են մոտ 5% վավեր քվե յուրաքանչյուրը, ութ թեկնածուներից մյուս չորսը մեծամասամբ անծանոթ են հարցվածներին եւ բոլորը միասին ստացել են վավեր քվեների 1,5%-ից պակաս (չմշակված տվյալներ՝ 0,9%).
Պատահական ընտրանքի ձեւաչափի եւ դաշտային աշխատանքի մոնիտորինգը, ինչպես նաեւ որակի վերահսկումը իրականացրել են TNS opinion-ը եւ «Այ Փի Էս Սի»-ն համատեղ: Հատուկ ուշադրություն է դարձվել որակի վերահսկման չափանիշներին՝ ներառելով հեռախոսային ստուգումներ, զուգայցեր, ինչպես նաեւ տվյալների բազայի բովանդակային ստուգումներ: Այս մասին ավելի մանրամասն տեղեկանալու համար, կարող եք ծանոթանալ ստորեւ բերված տեղեկատվությանը:
ՀԵԲ-ը այս հարցումը պատվիրել է մի շարք պատճառներով: Մասնավորապես մենք ցանկանում ենք.
  • Բարձրացնել հանրային իրազեկության մակարդակը ընտրությունների, հանրության համար կարեւոր հարցերի եւ քաղաքականության, կուսակցությունների եւ նրանց առաջնորդների նկատմամբ հասարակության ունեցած մոտեցումների վերաբերյալ:
  • Այս հարցման արդյունքներով բացահայտված սոցիալ-տնտեսական եւ քաղաքական տվյալները համեմատել 2012-ի մարտին եւ ապրիլին իրականացված հարցումների արդյունքների հետ:
  • Նպաստել ավելի իմաստալից քննարկմանը, որը հիմնված կլինի ավելի շատ քաղաքական բովանդակության, քան կուսակցությունների քաղաքական քարոզչության եւ ասեկոսեների վրա:
  • Բարձրացնել հասարակության թափանցիկության եւ Հայաստանի քաղաքական կյանքի իրատեսական պատկերի նկատմամբ ունեցած վստահության մակարդակը:
  • Ուժեղացնել ընտրությունները տեխնիկապես պատշաճ մակարդակով անցկացնելու ուղղությամբ գործադրվող ճնշումը՝ միջազգային դիտորդներին համեմատական տվյալներ տրամադրելու միջոցով:
արցման ամբողջական տարբերակը կարող եք գտնել հայերեն և անգլերեն լեզուներով մեր կայքում՝ www.eufoa.org/en/publications:

 

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ հարցման վերաբերյալ

 

Մեթոդաբանությունը

  • Հետազոտությունում կիրառվել է բազմաստիճան, պատահական (հավանականային) ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: TNS opinion և IPSC ընկերությունները կիրառել են հնարավոր լավագույն մեթոդաբանությունը:
  • Իրականացվել է 1,607 դեմ առ դեմ հարցազրույց` 2013 թ. հունվարի 15-20-ը:
  • Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն. Երևանում` 34.1%, մարզերում` 65.9 %:
  • Տնային տնտեսություններն ընտրվել են պատահական քայլով՝ բացառելու համար հարցազրուցավարների կողմից հարցվողների հնարավոր կողմնակալ ընտրության հետևանքով առաջացող սիստեմատիկ սխալները: Պատահական ընտրությունն ապահովելու համար տնային տնտեսություններում հարցման համար ընտրվել է այն անդամը, ում ծննդյան օրն ամենամոտն էր հարցման օրվան:
  • Եթե հարցման համար ընտրված անձը տվյալ պահին բացակայել է, ապա իրականացվել է մեկից երկու հետայց` այնուամենայնիվ հենց նրա հետ հարցազրույց իրականացնելու համար: Հետայցերի անհաջողության կամ ընտրված անձի` հարցազրույցին մասնակցելուց հրաժարվելու դեպքում հարցազրուցավարը նախորոշված ընթացակարգով ընտրել է հաջորդ տնային տնտեսությունը:
  • Ընտրանքի իրականացման վերահսկման համար յուրաքանչյուր հարցազրուցավար պարտավոր է եղել լրացնել իր այցելած տնային տնտեսությունների հասցեների այցացուցակը: Այցացուցակների տվյալների շտեմարանը վերլուծվել է TNS opinion-ի ներկայացուցչի կողմից՝ հավաստիանալու, որ հարցազրուցավարները պահպանել են տնային տնտեսությունների և հարցվողների ընտրության նախորոշված ցուցումները:
  • Տվյալները համակշռվել են՝ ըստ ՀՀ բնակչության սեռատարիքային բաշխման: Հետազոտության արդյունքների ընտրանքային սխալը ±2.4% է:

 

Որակի վերահսկում

  • TNS opinion-ը և IPSC-ն համատեղ պլանավորել և համաձայնեցրել են ինչպես պատահական ընտրանքի կազմավորումը, դաշտային աշխատանքների իրականացումը, այնպես էլ որակի վերահսկողության մեթոդաբանությունը:
  • Հարցազրույցների իրականացման որակի համապատասխան ստանդարտներն ապահովելու համար հարցա-զրույցների 20%-ն իրականացվել է IPSC-ի դաշտային աշխատանքների որակի վերահսկման համակարգողների ներկայությամբ: IPSC-ի հարցաթերթերի որակի ստուգման պատասխանատուները ստուգել են բոլոր հարցաթերթերի լրացման որակը, այդ թվում` լրացված պատասխանների տրամաբանական համապատասխանությունը: Հարցաթերթերի 6%-ը ստուգվել է հետայցերով: Իրականացվել է տվյալների շտեմարան մուտքագրված հարցաթերթերի 25%-ի վերստուգում: Բոլոր ստուգումների արդյունքում խոտանվել է 58 հարցազրույց ( 3.6%- ի չափով) և վավեր է ճանաչվել 1,607 հարցազրույց:
  • TNS opinion-ը և IPSC-ն միմյանցից անկախ ստուգել են հարցազրուցավարների երթուղային թերթիկները` հավաստիանալու, որ հարցվողների ընտրությունն իրականացվել է նախորոշված պատահական ընթացակարգով:
  • IPSC-ն հեռախոսազանգերի միջոցով ստուգել է բոլոր հարցվածների 36%-ի ժողովրդագրական բնութագրերը, ինչպես նաև հարցումների իրականացման պայմանների համապատասխանությունը հարցազրուցավարի կողմից հարցաթերթերում լրացված տվյալներին: Բացի դրանից, TNS opinion-ը հեռախոսազանգերով ստուգել է իրականացված հարցազրույցների պատահականորեն ընտրված 15%-ը` հարցվածների ժողովրդագրական բնութագրերը և հարցվողի դիրքորոշումներին վերաբերող երկու պատահականորեն ընտրված հարցերին տրված պատասխանները: Ստուգումը հավաստել է հավաքագրված տվյալների համապատասխանությունը որակի պահանջված մակարդակին:
  • TNS opinion-ը բազմակողմանիորեն ստուգել է տվյալների շտեմարանը` տրամաբանական անհամապատասխանությունների, ոչ ադեկվատ պատասխանների, պատահական սխալների և անվավեր տեղեկությունների հայտնաբերման նպատակով: Ստուգման արդյունքում արձանագրվել է դրական գնահատական` ոչ մի հարցազրույց չի խոտանվել:

 

 

Տեղեկություններ կազմակերպիչների մասին

 

TNS-ը (www.tnsglobal.com) համաշխարհային առաջատար է հանրային կարծիքի ուսումնասիրության և սոցիոլոգիական հարցումների ոլորտում: Այն ներկայացված է աշխարհի 5 մայրցամաքների ավելի քան 70 երկրներում՝ ամբողջությամբ կամ բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթով իր սեփականությունը հանդիսացող ավելի քան 150 գրասենյակներով և մասնաճյուղերով: Գրասենյակներն իրականացնում են շուկայի հետազոտություններ, հասարակական կարծիքի ուսումնասիրություններ և խորը վերլուծություններ աշխարհի ավելի քան 110 երկրներում: Նրանց նպատակն է տրամադրել շուկայի և հասարակական կարծիքի ամենախիստ տեխնիկական չափանիշներին համապատասխանող հետազոտություններ` բարձրորակ ծառայությունների և սեփական մշակումների կիրառմամբ: TNS opinion-ն ունի ավելի քան 35 տարվա փորձ քաղաքական, սոցիալական և հասարակական կարծիքի ուսումնասիրությունների ոլորտում, մասնավորապես աշխարհում հասարակական կարծիքի ամենաընդգրկուն` «Ստանդարտ Եվրոբարոմետր» հարցումների ծրագրում, որն իրականացվում է Եվրոպական Հանձնաժողովի լիազորությամբ: TNS opinion-ը Եվրոպայի, Աֆրիկայի և աշխարհի այլ տարածաշրջանների այլ երկրներում իրականացրել է հանրային կարծիքի բազմաթիվ ուսումնասիրություններ` հանդիսանալով դրանց համակարգող կենտրոնը: Հետազոտություններում, որոնցում որպես հետազոտական օբյեկտներ հանդես են եկել տարբեր թիրախային խմբեր` ամբողջ հասարակությունից մինչև վերնախավեր և առաջատար գործարար շրջանակներ, կիրառվել են ամենատարբեր հետազոտական մեթոդներ` դեմ առ դեմ հարցումներից մինչև հեռախոսային և առցանց հարցազրույցներ:

 

«Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը (IPSC) (www.ipsc.am) հետազոտական ընկերություն է, որն իրականացնում է հանրային կարծիքի ուսումնասիրություններ, մարկետինգային հետազոտություններ, մոնիտորինգի և գնահատման հարցումներ, օմնիբուս հետազոտություններ, խորհրդատվություն, վերապատրաստում: IPSC-ն հետազոտությունների իրականացման համար կիրառում է հեռախոսային հարցումների (CATI), դեմ առ դեմ հարցազրույցների (CAPI), օնլայն հարցումների (CAWI), ֆոկուս խմբային քննարկումների, որակական հարցազրույցների, գաղտնի գնորդի մեթոդները: Մինչ 2013թ.-ը IPSC-ն իրականացրել է ավելի քան 140 հետազոտություն ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ բոլոր մարզերում բիզնեսի, սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների, քաղաքականության, ընտրությունների մոնիտորինգի, շուկայի, կրթության, առողջապահության ոլորտներում: Մինչ 2013թ.-ի հունվարը հարցումներին ընդհանուր առմամբ մասնակցել է 200,000 ՀՀ քաղաքացի:

 

ՀԵԲ — Հայաստանի Եվրոպացի Բարեկամները (www.EuFoA.org) հայտնի հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Բրյուսելում որպես առանց շահույթի միջազգային ընկերություն: Այն տարածում է իր գործունեությունը ողջ Եվրոպայում` սկսած 2009թ.-ի մայիսից: ՀԵԲ-ը նպատակ ունի կապեր հաստատել հայ եւ եվրոպացի գործիչների միջեւ քաղաքականության, գործարարության եւ մշակույթի ոլորտներում, ինչպես նաև աջակցել Հայաստանի հետագա ինտեգրմանը Եվրոպայի քաղաքական, տնտեսական և մշակութային կառույցներին: Մենք ձգտում ենք Հայաստանում խորացնել եվրոպական ժողովրդական արժեքները՝ խրախուսելով քաղաքացիական հասարակության անդամների միջև շփումը, բարձրացնելով Հայաստանում Եվրոպայի, իսկ Եվրոպայում Հայաստանի եւ ղարաբաղյան հակամարտության մասին իրազեկության մակարդակը:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Ապրիլի 2024
MO TU WE TH FR SA SU
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930