Եվրոպա-Հայաստան խորհրդի կոչը ազատ եւ արդար նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ
Եվրոպա-Հայաստան խորհրդի կոչը ազատ եւ արդար նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ
Փետրվարի 15, 2013թ., Երեւան
Եվրոպա-Հայաստան խորհուրդը (ԵՀԽ) սպասում է 2013-ի փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին: Խորհուրդը կիսում է Եվրամիության ցանկությունը՝ Հայաստանում տեսնելու հետագա առաջընթաց ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու գործում, ինչը կհամապատասխանի Հայաստանի կողմից որդեգրված ժողովրդավարական չափանիշներին:
2012-ի մայիսի խորհրդարանական ընտրությունները նշանավորվեցին բավական մրցակցային քաղաքական միջավայրով: Դրանք նաեւ ուղեկցվեցին հավաքների եւ հատկապես մամուլի աննախադեպ ազատությամբ: Այս նվաճումներն օգնեցին Հայաստանին հաղթահարելու 2008-ի նախագահական ընտրությունների ցավալի իրադարձությունները: Այսօր բոլոր խոշոր քաղաքական ուժերը ներկայացված են Հայաստանի Ազգային Ժողովում, եւ նախկին բեւեռացած քաղաքական միջավայրը հիմնականում վերափոխվել է խորհրդարանական բանավեճի: Այդուհանդերձ 2012-ի մայիսի ընտրություններում ձայների վաճառքի եւ կոռուպցիայի որոշ դեպքերը հանգեցրեցին հասարակական վստահության խարխլմանը: Միեւնույն ժամանակ ընդհանուր առմամբ ժողովրդավարական առաջընթացը Հայաստանում նկատելի է: Մենք իսկապես ակնկալում ենք, որ շարունակական այս գործընթացն իր բարձրակետին կհասնի առաջիկա նախագահական ընտրություններում: Մենք նաեւ կոչ ենք անում իշխանություններին այս ընտրություններն անցկացնել՝ առաջնորդվելով եվրոպական դիտորդական առաքելությունների եւ մասնավորապես ԵԱՀԿ/ԺԻՄԻԳ-ի համապատասխան զեկույցների դրույթներով:
Անցած տարի Հայաստանը գրանցեց խոստումնալից առաջընթաց հավակնոտ Ասոցացման համաձայնագրի շուրջ Եվրամիության հետ բանակցություններում: 2012-ի դեկտեմբերին կնքվեց վիզաների դյուրացման համաձայնագիրը Եվրամիության հետ՝ մեծապես խթանելով մարդկանց միջեւ շփումները եւ խրախուսելով գործարար, ակադեմիական, մշակութային ու մարդկային հաղորդակցությունը Եվրոպայի հետ: Նախագահական ընտրությունների պատշաճ անցկացումը կամրապնդի Հայաստանի դիրքերը քաղաքական եւ ժողովրդավարական համատեքստում: Դա նաեւ կդարձնի Հայաստանը գրավիչ եւ կարեւոր գործընկեր Եվրամիության համար: Երկու կողմերն էլ ցանկություն ունեն Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցություններն ավարտին հասցնել առաջիկա նոյեմբերին Վիլնյուսում նախատեսված Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ: Սա, իր հերթին, տնտեսապես կհզորացնի Հայաստանը՝ օգնելով դիմակայել տարածաշրջանում հակամարտությունների եւ փակ սահմանների պատճառով առաջացած մարտահրավերներին, ինչպես նաեւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքներին:
Դուք՝ որպես Հայաստանի ընտրողներ, կարո՛ղ եք փոփոխություն բերել: Քվեարկե՛ք եւ ուժեղացրե՛ք Ձեր երկիրը: Եվրոպա-Հայաստան խորհուրդը եւ Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ հասարակական կազմակերպությունը կանգնած են Հայաստանի ժողովրդի կողքին ժողովրդավարության այս կարեւոր փորձության ժամանակ, ինչը վճռական է դեպի Եվրոպա շարժվող երկրի խոստումնալից ապագայի համար:
Լրաթերթ
Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար: