Եվրախորհրդարանի երկու զեկույցներն ուրվագծում են հետագա դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ

Երեկ եւ այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստն ընդունեց երկու զեկույց՝ այլ հարցերի շարքում առաջին անգամ ուրվագծելով Հայաստանի նկատմամբ իր դիրքորոշումը այն բանից հետո, ինչ նախագահ Սարգսյանը հայտարարեց Ռուսաստանի գերիշխանությամբ Մաքսային Միությանը միանալու մասին:

«Տարօրինակ տրամադրություն կար Եվրախորհրդարանում վերջին շաբաթների ընթացքում, որպիսին ես նախկինում չէի հանդիպել: Եվրախորհրդարանի անդամները կիսում էին Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ իրենց մտահոգությունները, ինչպես նաեւ հիասթափությունը Ասոցացման ու ԽՀԱԱԳ մասին համաձայնագրերի շուրջ գրեթե չորս տարվա հաջող բանակցությունների, բարեփոխումների եւ դրանց վերջնականացման առնչությամբ», — մեկնաբանում է ՀԵԲ-ի Գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը: — «Ավելին, խավիարային դիվանագիտությամբ կաշառված Եվրախորհրդարանի անդամների մի փոքր խումբ փորձեց Հայաստանին պատժելու համար օգտվել իրավիճակից՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ադրբեջանամետ ձեւակերպումների հանկարծակի ներառմամբ: Ի վերջո դա բացահայտվեց, եւ Պինո Արլաքին՝ այս ամենի հետեւում կանգնած ակնհայտ սադրիչ պատգամավորը, անգամ կարգապահական գործողությունների ենթարկվեց՝ Ադրբեջանի Նախագահական ընտրությունների դիտորդական իր զեկույցում բացահայտ իշխանամետ դիրքորոշման համար: Եվրախորհրդարանը սատարեց Հայաստանին եւ ընդգծեց, որ Եվրամիությունը դեռ պատրաստ է օգնել ամենաբարդ «տնային աշխատանքի» հարցում, այն է՝ ամրապնդել տնտեսությունը, կառավարումը եւ ժողովրդավարացման գործընթացը»:

Եվրոպական Հարեւանության Քաղաքականության մասին զեկույցը, որի Արեւելյան մասը մշակվել էր Յացեկ Սարյուզ Վոլսկիի կողմից, հույս է հայտնում, որ «Հայաստանը կշարունակի ԵՄ-ին վերաբերող բարեփոխումները, որոնց իրականացումը կարող է օգնել տնտեսական բարգավաճման եւ երկրում դեռ գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական ու քաղաքական խնդիրների լուծման հարցում»: Ավելին, զեկույցը «կոչ է անում հետամուտ լինել Եվրամիության հետ համագործակցության հարցում, ինչում ԵՄ-ն պատրաստակամ է. զեկույցը ողջունում է մակրոտնտեսական հիմնավոր քաղաքականության եւ կառուցվածքային բարեփոխումների իրականացումը Հայաստանում եւ [ԵՀՔ] Գործողությունների ծրագրի նպատակների իրականացմանն ուղղված հետագա առաջընթացը»: Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող պարբերությունը, որն ի սկզբանե մշակվել էր Պինո Արլաքիի եւ Իվո Վայգլի կողմից՝ Ադրբեջանի նախընտրած տարրերի կիրառությամբ, մերժվեց լիագումար նիստի ժամանակ՝ կենտրոնանալով Մինսկի Խմբի առաջ քաշած Հիմնարար սկզբունքների վրա, որոնք կարեւոր կետեր են պարունակում հակամարտության երկու կողմերի համար՝ ներառելով ոչ միայն զորքերի դուրս բերումը, այլեւ անվտանգության անհրաժեշտ երաշխիքները, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ այլն:
Էլմար Բրոկի՝ Ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականությանը վերաբերող զեկույցը վերահաստատեց, որ ԵՄ-ի կողմից առաջարկվող ծրագրերը ազատ ընտրությամբ առաջարկներ են Հայաստանի նման երկրների համար, եւ դրանք մնում են սեղանին՝ «հիմնված լինելով ընդհանուր արժեքների ու համերաշխության վրա եւ ձգտելով կիսել այդ երկրների հետ [հստակորեն այդ թվում եւ Հայաստանի] Եվրամիության փորձի բոլոր առավելությունները`տեղաբաշխելով Economic Area Plus-ի [Ավելի ընդարձակ եվրոպական տնտեսական գոտու] շրջանակներում:

Էլմար Բրոկը, ով նաեւ Եվրոպա — Հայաստան խորհրդի անդամ է, նիստի ժամանակ Եվրամիության հետաքրքրությունը բացատրեց հետեւյալ կերպ. «Եվրոպայի զարգացումը կախված է Հարավային եւ Արեւելյան հարեւանության զարգացումից: Եթե գոյություն ունի Հարավային եւ Արեւելյան գործընկերություն՝ աճող ժողովրդավարությամբ, օրենքի գերակայությամբ, տնտեսական բարգավաճմամբ եւ ավելի լավ կենսապայմաններով, ապա դա լավագույն անվտանգության քաղաքականությունն է [ԵՄ-ի համար]»: Նա հիշեցրեց նաեւ, որ Եվրոպան շատ անգամ է ցույց տվել, որ ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը պետություններին դարձնում են հաջողակ, սակայն յուրաքանչյուր երկրի կողմնորոշմանը վերաբերող որոշումները մնում են սեփական մայրաքաղաքում, «ոչ թե Մոսկվայում կամ Բրյուսելում»:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Ապրիլի 2024
MO TU WE TH FR SA SU
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930