Մեծ հավակնություններ, դրական մթնոլորտ և որոշակի առաջընթաց. ամփոփվել են ՀՀ-ԵՄ նոր շրջանակային պայմանագրի բանակցությունների արդյունքները

Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության (EuFoA) նախաձեռնությամբ Բրյուսելում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ-Հայաստան նոր շրջանակային պայմանագրի շուրջ ընթացող մեկամյա բանակցությունների արդյունքների ամփոփմանը:
Քննարկման ժամանակ ելույթ են ունեցել ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Արևելյան գործընկերության երկրների վարչության պետ Դիրք Շուբելն ու Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության՝ Ռուսաստանի, ԱՊՀ, Ուկրաինայի, Արևմտյան Բալկանների, ԵԱԱԱ (EFTA), ԵՏԳ (EEA) և Թուրքիայի հարցերով բաժանմունքի ղեկավար Պետրոս Սուրմելիսը: Քննարկմանը, որի համակարգողն էր Եվրոպական քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտող, քաղաքական գիտությունների թեկնածու Հրանտ Կոստանյանը, մասնակցել են ավելի քան 40 լրագրողներ, դիվանագետներ, ԵՄ կառույցների, միջազգային հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր հետազոտական կենտրոնների ներկայացուցիչներ:
Իր ելույթում պարոն Շուբելը ներկայացրեց բանակցային գործընթացի քաղաքական տեսանկյունները՝ նշելով. «Ուրախ եմ տեսնել Հայաստանի հավակնոտ դիրքորոշումը այս գործընթացում, ինչպես նաև հաճելիորեն զարմացած եմ, որ մեզ հաջողվում է պահպանել նախկինում քննարկվող Ասոցացման համաձայնագրի որոշակի մասը»: Նա նաև ընդգծել է՝ Հայաստանն ինքը պետք է որոշի, թե որքանով է պատրաստ ընդունելու ԵՄ ակվիսները:
Իր հերթին, պարոն Սուրմելիսը ևս մեկ անգամ շեշտեց, որ բանակցություններն ընթանում են դրական մթնոլորտում՝ արձանագրելով արագ առաջընթաց «առևտրի և ներդրումների» բլոկում: «Նոր համաձայնագիրը շատ ավելի մոտ կլինի արդեն գոյություն չունեցող «Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրին», քան ներկայիս «Գործընկերության և համագործակցության համաձայնագրին», այդուհանդերձ, ամենաբարդ հարցերը թողնվել են քննարկման վերջին փուլին»,-նշեց Սուրմելիսը:
Պարոն Մելքոնյանը իր խոսքում պարզաբանեց, որ սա «Ազատ առևտրի համաձայնագիրը» չէ և առևտրի ամբողջական ազատականացում չպետք է ակնկալել, այդուհանդերձ, նոր համաձայնագրով նախատեսվում է որոշ սակագների իջեցում: Անդրադառնալով բանակցությունների ժամանակացույցին՝ պարոն Մելքոնյանը նշեց. «Մեզ շատ ավելի մտահոգում է բովանդակությունը, քան ժամանակացույցը: Մեզ համար ավելի կարևոր է հասնել լավ արդյունքի, ցույց տալով, որ Հայաստանը՝ իր ուժեղ ու կայուն քաղաքական, տնտեսական և վարչական համակարգով, կարող է իդեալական միջավայր ապահովել թե՛ ԵՄ, և թե՛ ԵԱՏՄ ու Իրանի ներդրումների համար»:
Պատասխանելով վիզայի ազատականացման վերաբերյալ հարցին՝ պարոն Շուբելը շեշտեց, որ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը (EEAS) պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ Վիզայի ազատականացման գործընթացի շուրջ: Այնուամենայնիվ, նա շեշտեց, որ Խորհուրդը պետք է նման մանդատ տրամադրի, մինչդեռ ԵՄ անդամ որոշ երկրներ պատրաստ չեն դա անել այս փուլում՝ ելնելով մի շարք պատճառներից, որոնք անմիջականորեն Հայաստանին չեն առնչվում:
Ընդգծելով, որ Հայաստանի հետ համաձայնագիրը բացառապես երկկողմանի է, պարոն Սուրմելիսը հավելեց, որ սա կարող է նախադեպ հանդիսանալ ԵԱՏՄ անդամ այլ երկրների, օրինակ՝ Բելառուսի համար, թեև այդ երկրում մարդու իրավունքների ոլորտում առկա իրավիճակը թույլ չի տալիս ԵՄ-ին մոտ ապագայում նման գործընթաց նախաձեռնել:
Պարոն Մելքոնյանը ամփոփեց քննարկումը՝ շեշտելով, որ չնայած Հայաստանն ունի պարտավորություններ այլ ինտեգրացիոն գործընթացներում ևս, սակայն «այս բանակցությունները ցույց են տալիս Հայաստանի հավատարմությունը ԵՄ-ին, որը եղել և մնում է ՀՀ հիմնական առևտրային գործընկերը»:
EuFoA-ի տնօրեն Դիոգո Պինտոն քննարկման ավարտից հետո նշեց, որ միջոցառումը հաջողված է, և հաճելի է տեսնել մարդկանց հետաքրքրվածությունը թեմայի շուրջ: «Առավել կարևոր է, որ այս երեկո մենք դրական դինամիկա տեսանք Հայաստանի և ԵՄ-ի միջև ընթացող բանակցային գործընթացում: Ես վստահ եմ, որ երկու կողմերի հավակնություններն ու կառուցողական մոտեցումը կհանգեցնեն գործընթացի դրական ավարտին, և Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը շուտով կստորագրվի: Սա ուրախալի լուր է ինչպես EuFoA-ի և Հայաստանի բոլոր եվրոպացի բարեկամների, այնպես էլ Հայաստանի և ԵՄ-ի համար»:
ՏԵՂԵԿԱՆՔ. 2015թ․հոկտեմբերի 12-ին Արտաքին հարաբերությունների խորհուրդը լիազորեց Եվրոպական հանձնաժողովին և Բարձր ներկայացուցչին սկսել բանակցություններ Հայաստանի հետ՝ նոր, պարտադիր իրավական ուժ ունեցող, համալիր համաձայնագրի շուրջ՝ տրամադրելով համապատասխան բանակցային մանդատը։ Բանակցությունների պաշտոնական մեկնարկը տրվեց 2015թ. դեկտեմբերի 7-ին։ Նոր համաձայնագիրը կփոխարինի գործող ԵՄ-Հայաստան Գործընկերության և համագործակցության համաձայնագրին։
Չնայած ԵՄ-ն հետ Ասոցացման համաձայնագիրը և դրա մաս հանդիսացող Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԱՀ/ԽՀԱԱԳ) համաձայնագիրը չստորագրելու մասին Հայաստանի 2013թ.սեպտեմբերի 3-ի որոշմանը՝ Հայաստանը և ԵՄ-ն «Գործընկերության և համագործակցության համաձայնագրի» շրջանակներում (ուժի մեջ է 1999 թվականից) շարունակում են իրենց համագործակցությունը քաղաքական երկխոսության, առևտրի, ներդրումների, տնտեսության, իրավունքի և մշակույթի ոլորտներում:
###

EuFoA-ն ուրախ կլինի տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն և մեկնաբանություններ ըստ անհրաժեշտության: Խնդրում ենք դիմել EuFoA բրյուսելյան գրասենյակի կոորդինատոր ՝ Ալեքսանդրա Ռոուսիին՝ alexandra.roussi@eufoa.org +3222331101 կամ EuFoA երևանյան գրասենյակի կոորդինատոր Տաթև Հայրապետյանին՝ tatevik.hayrapetyan@eufoa.org +37477427383: EuFoA ծրագրերի մասին տեղեկատվությունը հասանելի է www.EuFoA.org-ում:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Ապրիլի 2020
ԿՐ ԵԿ ԵՔ ՉՔ ՀԳ ՈՒԲ ՇԹ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930