«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը պետք է պահպանվի և ստորագրվի հնարավորինս շուտ». EuFoA-ի տնօրեն Դիոգո Պինտոյի հարցազրույցը 1ին լրատվականին
1ին լրատվականին տված իր հարցազրույցում EuFoA-ի տնօրեն Դիոգո Պինտոն խոսել է Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովի և ՀՀ-ԵՄ ստորագրվելիք համաձայնագրի մասին:
– Պարոն Պինտո, մի քանի օր է մնացել Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, որի ընթացքում, ենթադրաբար, Հայաստանը պիտի ստորագրի Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (Comprehensive and Enhanced Partnership Agreement, CEPA): Վերջին մի քանի շաբաթների ընթացքում քննարկվում էր այն հարցը, որ Համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել տեխնիկական որոշ խնդիրների պատճառով, բայց որպես առավել լուրջ խոչընդոտ մինչ օրս էլ համարվում է գագաթնաժողովի հռչակագրի տեքստում տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման վերաբերյալ ձևակերպումների հարցը: Ի՞նչ կարող եք կանխատեսել այս պահի դրությամբ:
– Շատ լավ, բայց շատ բարդ հարց է: Իսկապես, վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի Հռչակագրի շուրջ բանակցությունները շատ ավելի բարդ են, քան մենք ակնկալում էինք: Ես, իհարկե, տեղյակ չեմ գաղտնի բանակցությունների մանրամասներին, բայց իմ կապերի շնորհիվ հավաքած տեղեկությունների հիման վրա կարող եմ ասել, որ իսկապես կողմերը դեռևս չեն հասել փոխհամաձայնության հակամարտության կարգավորմանը վերաբերող կետի շուրջ: Թեև դա ամենևին էլ զարմանալի չէ: Ադրբեջանը ամեն անգամ կիրառում է միևնույն մարտավարությունը բոլոր բանաձևերի, զեկույցների հարցում կամ Եվրոպական խորհրդարանում, Եվրանեսթում կամ այլուր քննարկվող որևէ փաստաթղթի պարագայում: Տվեք նրանց ցանկացած թեմա, և նրանք կկապեն այդ թեման Լեռնային Ղարաբաղի հարցի հետ:
Վերջին շրջանում Եվրամիությունը Արևելյան գործընկերության երկրներին իր մոտեցման հարցում դարձել է ավելի ռացիոնալ, սկզբունքային և նաև ավելի պրագմատիկ: Հիշենք, օրինակ, օրերս Եվրոպական Խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը գագաթնաժողովի մասին և դրանում օգտագործված բառապաշարը: Դա շատ հավասարակշռված դիրքորոշում էր, որը ստացավ ԵԽ-ի ճնշող մեծամասնության աջակցությունը, բայց Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստ չէ ընդունել այս կառուցողական դիրքորոշումը և կփորձի օգտագործել իր «վետոյի իրավունքը»՝ ավելի ադրբեջանամետ բառապաշար, որը, բնականաբար, չի պատրաստվում ընդունել Հայաստանը: Ուստի կարծում եմ՝ ստիպված ենք սպասել և տեսնել: Կարծում եմ՝ բոլոր սեցնարներն էլ հնարավոր են, և համոզված չեմ, որ որևէ մեկը կարող է շատ տեղեկացված կանխատեսում անել:
Համենայնդեպս, ես մի կողմից համոզված եմ, որ երկու կողմերն էլ կարող են տարանջատել գագաթնաժողովի Հռչակագրի շուրջ քննարկումը Համաձայնագրի ստորագրումից: CEPA-ն բանակցվել է, նախաստորագրվել և պատրաստ կլինի ստորագրման շուտով, եթե արդեն պատրաստ չի: Հետևաբար այն կստորագրվի որքան հնարավոր է շուտ՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ է կատարվում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի և դրա Եզրափակիչ հռչակագրի շուրջ: Հարկավոր է կառավարել հույզերը, և ես վճռականորեն հորդորում եմ հայկական կողմին չընկնել Ադրբեջանի ծուղակը: Ի վերջո, Ադրբեջանի գլխավոր նպատակը Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության հաստատումը խափանելն է: Հայաստանն իրավունք չունի թույլ տալ նման բան: Համաձայնագիրը պետք է փրկվի և ստորագրվի որքան հնարավոր է շուտ:
– Ի՞նչ նշանակություն ունի այս փաստաթուղթը անվտանգության տեսանկյունից: Կարծում եք՝ Համաձայնագիրը, որպես Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ձեռքբերում, ինչ-որ կերպ կնպաստի՞ Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, թեկուզ անուղղակիորեն: Եթե այո, ապա ինչպե՞ս եք պատկերացնում այդ դրական ազդեցությունը:
– Բուն համաձայնագիրը չի պարունակում կոնկրետ դրույթներ պաշտպանության կամ «կոշտ անվտանգության» մասին, բայց նույնիսկ եթե խոսում ենք Համաձայնագրի բովանդակության մասին, պիտի ընդունենք, որ թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական համագործակցությունը Եվրամիության հետ կամրապնդեն Հայաստանի անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարում: Ավելի ժողովրդավարական և արդար պետությունը կլինի ավելի անվտանգ պետություն: Ահա թե ինչ է Համաձայնագիրը խոստանում Հայաստանին: Բացի այդ, եթե փորձեք մի պահ վերանալ Համաձայնագրի տեքստից, անպայման կգաք այն եզրակացությանը, որ Եվրամիության հետ ավելի խոր գործընկերությունը Հայաստանը կդարձնի ավելի անվտանգ և ապահով պետություն:
Ի վերջո, որևէ մեկի համար այլևս գաղտնիք չէ այն, որ ինչքան Եվրամիությունն ու անդամ պետությունները շատ ներդրումներ անեն Հայաստանում (և ես նկատի չունեմ միայն ֆինանսական ներդրումները), այնքան նրանք ավելի հանձնառու կլինեն Հայաստանի անվտանգությանն ու կայունությանը: Ադրբեջանը հասկացել է դա, այդ պատճառով է այդքան անհանգստացած Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրման հարցով: Հույս ունեմ, որ Հայաստանն էլ է հասկանում այս պարզ ճշմարտությունը:
Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է ԱՅՍՏԵՂ:
Լրաթերթ
Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար: