Լրագրողական այց Հայաստան և Արցախ (մայիս 3-10)
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ սույն թվականի մայիսի 3-ից 10-ը տեղի է ունեցել միջազգային լրագրողական այց Հայաստան և Լեռնային Ղարաբաղ (Արցախ): Այցի նպատակն էր հնարավորություն ընձեռել լրագրողներին բացահայտելու Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը՝ տնտեսական, սոցիալական, մշակութային և քաղաքական տեսանկյունից: Թե՛ Երևանում և թե՛ Ստեփանակերտում լրագրողները հնարավորություն են ունեցել հանդիպելու և հարցազրույցներ ունենալու Հայաստանի և Արցախի հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հայաստանում ստեղծված քաղաքական իրադրության պայմաններում լրագրողները հնարավորություն ստացան դառնալ Թավշյա հեղափոխության ականատեսները: Նրանք Երևանում գտնվելու օրերին հանդիպումներ ունեցան շարժման ակտիվիստների հետ, որոնց գլխավորությամբ ընթացող բողոքի ակցիաները հանգեցրին Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուն: Եղան մի շարք հրապարակումներ շարժման մասին:
Այցի շրջանակներում լրագրողները նաև հնարավորություն ունեցան հանդիպելու Հայաստանի քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ծանոթանալու «IDeA» հիմնադրամի և «COAF»-ի («Հայ մանուկների հիմնադրամ») ծրագրերին՝ այցելելով ՏաԹևեր ճոպանուղի և Դեբետում կառուցված «COAF» Սմարթ կենտրոն: Արցախում գտնվելու օրերին լրագրողները եղան մայրաքաղաք Ստեփանակերտում՝ մայիսի 9-ին մասնակցելով Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնակատարություններին: Բացի այդ, նրանք այցելեցին առաջնագիծ և վերականգնվող Թալիշ գյուղ, որը մեծապես տուժել էր 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին: Միջազգային լրագրողները ծանոթացան նաև «HALO Trust» կազմակերպության իրականացրած ականազերծման աշխատանքներին և հարցազրույցներ ունեցան ականազերծողների հետ: Կազմակերպվեց նաև այց «TUMO» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
Լրաթերթ
Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար: