ՀՀ-ԵՄ համաձայնագրով կսկսվի նոր փուլ. կլինի ավելի շատ փող և ավելի մեծ հնարավորություններ. EuFoA-ի տնօրեն Դիոգո Պինտոյի հարցազրույցը 1in.am-ին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Դիոգո Պինտոն:

– Պարոն Պինտո, հարցս վերաբերում է Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվելիք նոր շրջանակային Համաձայնագրին՝ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին: Համաձայնագրի ստորագրման մասին խոսել են Հայաստանի նախագահը, արտգործնախարարը: Մասնավորապես, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ որևէ պատճառ չունենք չստորագրելու այդ համաձայնագիրը, իսկ Նալբանդյանն ասում է, որ մեր կողմից խոչընդոտ չենք ստեղծելու այդ պայմանագրի ստորագրման համար: Եթե որևէ խնդիր չկա, ապա որտեղի՞ց է գալիս այդ մտավախությունը, որ համաձայնագիրը կարող է չստորագրվել:

– Անձամբ ես մտավախություն չունեմ, ուստի չգիտեմ՝ արդյոք ես եմ այդ հարցի ճիշտ հասցեատերը: Կարծում եմ, որ կան որոշ մտավախություններ Եվրամիության կողմից, նաև հայաստանցի փորձագետների շրջանում, որ 2013 թվականի սցենարը կարող է կրկնվել: Չեմ կարծում, որ դա շատ հավանական է: Բանակցություններն այս նոր համաձայնագրի շուրջ ընթացել են այնպես, որ դրանք, – եկեք ուղիղ խոսենք, – պետք է հանգստացնեին Ռուսաստանին և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս անդամներին, որովհետև բանակցությունների երկու կողմերն էլ աշխատում էին այնպես անել, որ համաձայնագիրը համատեղելի լինի ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ: Ուստի ես համաձայն եմ նախագահ Սարգսյանի և նախարար Նալբանդյանի հետ, որ Հայաստանը պատճառ չունի չստորագրելու համաձայնագիրը: Փաստաթղթի ստորագրումը նախատեսված է նոյեմբերի 24-ին: Ես կասեի՝ այն կարող է ստորագրվել այդ օրը: Հնարավոր է՝ լինեն որոշ մտավախություններ այն իմաստով, որ փաստաթուղթը կարող պատրաստ չլինել մինչև նոյեմբեր, բայց կարծում եմ, որ սա այդ դեպքը չէ, և Եվրամիության պաշտոնյաները հայտարարել են, որ ամեն ինչ գնում է դեպի նոյեմբերի 24: Ուստի հույս ունեմ, որ նոյեմբերի 24-ին կտոնեմ նոր համաձայնագրի ստորագրումը:

– Ռուսաստանը ունի՞ լուրջ պատճառներ՝ միջամտելու և խոչընդոտելու համաձայնագրի ստորագրմանը:

– Ես երբևէ չեմ տեսել, որ Ռուսաստանը բարի նպատակներով միջամտի: Բայց եթե ավելի լուրջ, ապա կարծում եմ, որ այս համաձայնագրում չկա որևէ կետ, որը կարող է սպառնալիք լինել Ռուսաստանի, եթե կուզեք՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության և իր ստանձնած պարտավորությունների կատարման համար: Ուստի չեմ կարծում, որ Ռուսաստանը պետք է անհանգստանա համաձայնագրի ստորագրման կապակցությամբ:

– Խնդիրը հետևյալն է. 2013-ին Ռուսաստանը գնահատեց Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագիրը և Ասոցացման համաձայնագիրը որպես սպառնալիք և փորձ՝ «պոկելու» հետխորհրդային մի շարք պետությունների իր ազդեցության գոտուց: Ռազմավարական ի՞նչ նշանակություն ունի այս նոր համաձայնագիրը Ռուսաստանի տեսանկյունից:

– Կարծում եմ՝ ճիշտ եք. 2013-ին իրավիճակն այդպես գնահատվեց: Ըստ իս՝ անցած չորս տարիները ցույց տվեցին, որ Ռուսաստանը անհանգստանալու որևէ պատճառ չունի, և որ Հայաստանը կարող է հետապնդել հավասարակշռված քաղաքականություն՝ պահպանելով լավ հարաբերություններ Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի գործընկերների հետ և հատուկ կապեր ունենալով Եվրամիության հետ, ստորագրելով այս գործընկերության համաձայնագիրը, որը չի խանգարի ԵԱՏՄ-ում Հայաստանի ստանձնած պարտավորություններին և միևնույն ժամանակ հնարավորություն կտա Հայաստանին օգուտներ ստանալ այս համաձայնագրից: Այսպիսով, մեկը մյուսին չի խանգարում: Գուցե ավելի լավ կլիներ, որ իրադարձություններն այլ կերպ զարգանային և գուցե սրա անհրաժեշտությունը չկար, բայց կարծում եմ, որ այս չորս տարիները թույլ տվեցին բոլորին սթափվել և ընդունել, որ հնարավոր է համատեղել հարաբերությունները այս երկու կառույցների հետ:

– Վերջին շրջանում ռուսական քաղաքական վերնախավը, կարծես, ավելի անհանդուրժող է դարձել արտաքին քաղաքականության այլ ուղղություններով Հայաստանի կողմից կատարվող քայլերի նկատմամբ, լինեն դրանք հարաբերությունները ՆԱՏՕ-ի, Եվրամիության, թե, օրինակ, Չինաստանի հետ: Հետևաբար հնարավո՞ր է, որ Ռուսաստանը չհանդուրժի նույնիսկ այս համաձայնագրի ստորագրումը, որն իրականում չունի այն կարևորությունը, ինչ ուներ Ասոցացման համաձայնագիրը:

 Ես, իհարկե, Ռուսաստանի քաղաքականության փորձագետ չեմ, բայց ինձ համար դժվար չէ հասկանալ, որ որոշ մարդիկ Ռուսաստանի Դաշնությունում դիտում են Հայաստանը՝ որպես «կրստեր գործընկեր» և ուզում են, որ Հայաստանը կուրորեն հետևի Ռուսաստանի շահերին: Պարտադիր չէ, որ սա լինի Ռուսաստանի պաշտոնական մոտեցումը և առավել ևս Հայաստանը պետք է չունենա նման դիրքորոշում: Վերջին չորս տարիները կարևոր էին նաև այն առումով, որ Հայաստանը ամրապնդեց իր ինքնիշխանությունը և ցույց տվեց թե՛ Ռուսաստանին և թե՛ Եվրամիությանը, որ ի վերջո Հայաստանն է որոշելու, թե ինչպիսի հարաբերություններ է ուզում ունենալ այս կամ այն գործընկերոջ հետ:

– Ռուսաստան-Եվրամիություն, Ռուսաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների ներկայիս վիճակը որքանո՞վ է ազդում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների և մասնավորապես համաձայնագրի ստորագրման վրա:

– Շատ լավ հարց է: Պարզ բացատրությունն այն է, որ Ռուսաստանի ու Եվրամիության հարաբերությունները, մեղմ ասած, լավագույն վիճակում չեն, ինչը բացասաբար է ազդում Ռուսաստանի ու Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների վրա: Չեմ կասկածում, որ Ռուսաստանի ապագան կապված է Եվրոպայի հետ: Ռուսաստանը եվրոպական երկիր է: Ռուսաստանը, իհարկե, կարևոր երկիր է՝ հաշվի առնելով նրա տնտեսական ներուժն ու ռազմական հզորությունը, և բացի այդ, Ռուսաստանը մեծ կայսրության ժառանգորդն է: Գուցե դա է պատճառը, որ Ռուսաստանի և Եվրամիության շահերը միշտ չէ, որ համընկնում են, բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանի բնակիչների մեծ մասը հետևում է եվրոպական արժեքներին և պատկանում է միևնույն քաղաքակրթությանը, որ տարածված է Արևմտյան Եվրոպայում: Հետևաբար, կարծում եմ, որ Ռուսաստանն ու Եվրամիությունը մի օր գալու են փոխըմռնման և սկսելու են համագործակցել իրար հետ:

Այս համաձայնագիրը Հայաստանի և Եվրամիության միջև կարող է դրական դեր խաղալ և օգնել հարթելու տարաձայնությունները Ռուսաստանի ու Եվրամիության միջև, որովհետև եթե Հայաստանը կարողանում է ապացուցել, որ հնարավոր է լավ հարաբերություններ ունենալ թե՛ Ռուսաստանի և թե՛ Եվրամիության հետ, ապա սա կարող է լավ օրինակ դառնալ այլ պետությունների համար և օգնել Ռուսաստանի և Եվրամիության միջև լարվածության վերացմանը: Հույս ունեմ, որ այդպես կլինի:

– Սեպտեմբերի սկզբին գրանցվեց բավական տհաճ միջադեպ, երբ Հայաստանը չեղարկեց իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի հովանու ներքո անկացվող զորավարժություններին Վրաստանում, և Վրաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարեց, թե Հայաստանը վերջին պահին է հրաժարվել մասնակցությունից: Հայաստանը նմանատիպ միջադեպերի պատճառով կարո՞ղ է դիտվել որպես անկանխատեսելի գործընկեր, առավել ևս, եթե հիշենք մեկ այլ անսպասելի որոշման՝ 2013 թ. սեպտեմբերի 3-ի նախադեպը:

– Իհարկե, այս հարցի հասցեատերը ես չեմ, բայց նախ և առաջ պետք է պարզել, թե ինչ է իրականում տեղի ունեցել և արդյոք այդ որոշումը կայացվել է «վերջին պահին»: Նման խնդիր իսկապես կա, երբ ազդակները Հայաստանի կողմից ընթանում են որոշակի ուղղությամբ, և հետո որոշումը գնում է մեկ այլ ուղղությամբ: Անհրաժեշտ է հասկանալ, թե որոնք են դրա պատճառները: Վարկածները, բացատրությունները տարբեր են: Բայց կարծում եմ, որ անժխտելի է այն փաստը, որ Հայաստանը շատ բարդ իրադրության մեջ է: Հայաստանը փոքր երկիր է, շատ երկրների հետ համեմատած՝ աղքատ պետություն է: Այս երկիրը գտնվում է շատ բարդ աշխարհագրական դիրքում և ենթարկվում է մարտահրավերների իր հարևանների կողմից: Խոսքը ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի մասին է: Երբեմն խնդիրներ են ծագում նույնիսկ Վրաստանի հետ: Իսկ մյուս հարևանը՝ Իրանը, բարդ հարաբերություններ ունի աշխարհի երկրների մեծ մասի հետ: Հետևաբար շատ դժվար է Հայաստանի համար լինել կանխատեսելի: Այս իմաստով ես չեմ կարող մեղադրել Հայաստանի ղեկավարությանը և հասկանում եմ, թե ինչ վիճակում է Հայաստանը: Բայց կարծում եմ, որ դուք գուցե ճիշտ եք այն առումով, որ եթե սա դառնա լուրջ միտում, կարող է խնդիրներ ստեղծել այլ պետությունների հետ Հայաստանի հարաբերությունների համար:

Կարծում եմ՝ ունենք պատճառներ հավատալու, որ Հայաստանը կամրապնդի իր ինքնիշխանությունը և հետևաբար նաև իր ռազմավարական ընտրությունը ապագայում՝ ինչպես նախկինում արել է որոշ ոլորտներում: Եթե դա տեղի ունենա, այդ անկանխատեսելիությունն այլևս չի լինի և Հայաստանը կդիտարկվի որպես վստահելի գործընկեր և՛ Ռուսաստանի, և՛ Եվրամիության համար: Երբ համաձայնագիրը ստորագրվի, կավելանա նաև վստահելիության կապիտալը: Ստորագրելով այս համաձայնագիրը՝ Հայաստանը կապացուցի, որ շատ մարդիկ սխալվում են. թե՛ այն մարդիկ, ովքեր կարծում են, որ Ռուսաստանը թույլ չի տա, և թե՛ այն մարդիկ, ովքեր կարծում են, որ Եվրամիությունը չի ստորագրի նման համաձայնագիր ԵԱՏՄ-ի անդամ պետության հետ: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, մեր բոլոր դատողությունները կանխատեսումներ ու ենթադրություններ են:

– Այս համաձայնագիրը կարո՞ղ է ինչ-որ առումով փոխել Հայաստանի արտաքին քաղաքականության հավասարակշռությունը:

– Կարծում եմ՝ այս համաձայնագիրը ավելի հարմար պայմաններ կստեղծի Հայաստանի համար՝ հետապնդելու հավասարակշռված արտաքին քաղաքականություն, գործելու երկու ուղղություններով էլ և օգուտներ ստանալու թե՛ Եվրամիության հետ հատուկ գործընկերությունից և թե՛ ԵԱՏՄ-ի անդամակցությունից: Եթե դա իրականություն դառնա, Հայաստանը կապացուցի, որ այս բարդ իրավիճակում կարողանում է իրագործել հավասարակշռված և հաջողված արտաքին քաղաքականություն: Ակնկալում եմ, որ այս մոտեցումը կամրապնդվի, Հայաստանը ցույց կտա, որ «մենք կարող ենք»:

– Ի՞նչ կարող եք ասել համաձայնագրի բովանդակության մասին: Ի՞նչ օգուտներ կտա համաձայնագիրը քաղաքական բարեփոխումների, տնտեսական և առևտրային համագործակցության առումով:

– Ես ծանոթ չեմ համաձայնագրի տեքստի մանրամասներին: Ես գիտեմ միայն այն, ինչ ինձ ասել են բանակցությունների մասնակիցները: Եթե խոսում ենք տնտեսության, առևտրային հարաբերությունների և ներդրումների մասին, ապա կարծում եմ, որ կամրապնդվի «GSP+» (Արտոնությունների ընդհանրացված համակարգ) ռեժիմը Եվրամիության հետ: Մեծ փոփոխություններ չեմ սպասում այս առումով, բայց կարծում եմ՝ առևտուրը Եվրամիության հետ ավելի հեշտ և սահուն կդառնա:

Այդուհանդերձ, կարծում եմ, որ քաղաքական ոլորտում ավելի մեծ փոփոխություններ են սպասվում, որովհետև Հայաստանը մեծ պարտավորություններ է ստանձնել ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտներում: Իսկ Եվրամիությունը պարտավորվել է աջակցել այդ բարեփոխումներին: Խոսքը զուտ սոցիալական տարբեր խմբերի իրավունքները պաշտպանելու մասին չէ, այլ շատ կոնկրետ խնդիրների մասին, որ պետք է բարենպաստ միջավայր ստեղծվի ներդրումների համար, պետք է լինի արդար տնտեսական շուկան, ավելի լավ պայմաններ ստեղծվեն օտարերկրյա ներդրողների համար, որպեսզի նրանք կարողանան գալ Հայաստան և զգալ, որ ունեն հնարավորություն բիզնես անելու: Ի վերջո, խոսքը կոռուպցիայի դեմ պայքարի մասին է, և դա վերաբերում է ոչ միայն իշխանության բարձր շրջանակներին, այլև ստորին շերտերում տարածված կոռուպցիային, որը խնդիրներ է ստեղծում բիզնեսի համար: Գերկարևոր խնդիր է արդարադատության համակարգի բարեփոխումը: Այն չափազանց կարևոր է արդարադատության համակարգը արդար և թափանցիկ դարձնելու առումով: Սա է սպասվող մեծ փոփոխությունը: Եվ այս բարեփոխումների շնորհիվ ստեղծված մթնոլորտը կարտացոլվի նաև մյուս ոլորտներում: Բարելավված միջավայրի շնորհիվ կարող են լուծվել շատ խնդիրներ: Ուստի ես հույս ունեմ, որ այս համաձայնագիրը կդառնա Հայաստանի ու Եվրամիության համագործակցության նոր դարաշրջանի, նոր փուլի սկիզբը, երբ, եկեք ավելի կոնկրետ խոսենք, կլինի ավելի շատ փող և ավելի մեծ հնարավորություններ՝ ներարկելու այդ փողը ճիշտ ուղղություններով, և հետևաբար բարեփոխումներն էլ ավելի մեծ տեմպերով կիրականացվեն: Եվ եթե սա համադրենք Հայաստանի քաղաքացիների՝ արևմտյան արժեքներին հետևելու պատրաստակամության, նրանց կրթության, մտավոր կարողությունների և վճռականության հետ, ապա կարծում եմ, որ սա կարող է շատ կարևոր քայլ լինել դեպի Հայաստանի լուսավոր ապագան:

Չեմ ակնկալում, որ այս համաձայնագրում ընդգրկված կլինեն առանձնահատուկ կետեր անվտանգության և պաշտպանության մասին, բայց եթե համաձայնագրի շնորհիվ բարելավված այս միջավայրը զարգանա ճիշտ ուղղությամբ, ապա ավելի հեշտ կլինի Եվրամիության և իր անդամ պետությունների համար ավելի սերտացնելու իրենց հարաբերությունները Հայաստանի հետ, երբ գործը հասնում է նաև այլ ոլորտներին՝ ներառյալ անվտանգությունը և պաշտպանությունը: Ի վերջո, եվրոպական երկրները հակված են գործընկերություն անելու և համաձայնագիր ստորագրելու այն մարդկանց հետ, որոնք ավելի մոտ են մեզ և ավելի հոգեհարազատ են մեզ համար: Բնականաբար, դրան նպաստում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը հայտարարում է, որ ուզում է ավելի մոտ լինել Եվրոպային՝ հատկապես հիմնարար արժեքներին և ժողովրդավարությանը առնչվող հարցերում:

 

Հարցազրույցի տեսագրությունը ամբողջությամբ հասանելի է ԱՅՍՏԵՂ:

 

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԿՐ ԵԿ ԵՔ ՉՔ ՀԳ ՈՒԲ ՇԹ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31