Հայաստանում կայացած ընտրությունները նշանավորում են առաջընթաց. կա զարգացման տեղ

Այսօր՝ ապրիլի 25-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) կազմակերպության նախաձեռնությամբ Բրյուսելում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ապրիլի 2-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին և դրանց ազդեցությանը՝ Հայաստան-ԵՄ հետագա համագործակցության վրա:

 

Ճեպազրույցի խոսնակն էր Եվրոպական Խորհրդարանի անդամ, խորհրդարանական ընտրություններում ԵԽ դիտորդական առաքելության ղեկավար Հեյդի Հաուտալան: Ճեպազրույցը համակարգվում էր EuFoA-ի տնօրեն Դիոգո Պինտոյի կողմից: Միջոցառմանը ներկա էին ավելի քան 30 հյուրեր՝ դիվանագետներ, ԵՄ կառույցների, միջազգային հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր հետազոտական կենտրոնների ներկայացուցիչներ:

 

Պարոն Պինտոն իր երախտագիտությունը հայտնեց ճեպազրույցի խոսնակին և հյուրերին, հիշեցնելով, որ այս տարվա ապրիլին կայացած ընտրություններն առաջինն էին 2015 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներից հետո, որի արդյունքում անցում է կատարվել կիսանախագահական համակարգից խորհրդարանական համակարգին և մեծամասնական ընտրակարգից՝  համամասնականին: Ընդ որում, ընտրությունները տեղի ունեցան Հայաստանի ու Եվրոպական Միության (ԵՄ) կողմից ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերային համաձայնագրի նախաստորագրումից մոտ երկու շաբաթ անց:

 

Տիկին Հաուտալան նշեց, որ ընտրություններն ընթացել են բացառապես կառուցողական և ընդգրկուն ընթացակարգով, ինչը նոր Ընտրական օրենսգրքի արդյունք է: Խոսնակը հիշեցրել է, որ ԵՄ-ն ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ընտրությունների հաջող անցկացման գործում, մասնավորապես, ընտրողների նույնականացման սարքերի և տեսախցիկների ներդրմամբ, ինչն օգնել է կանխել բազմակի քվեարկության և կեղծիքի դեպքերը՝ մեծացնելով գործընթացի թափանցիկության մակարդակը: Տիկին Հաուտալան հավելեց, որ թեև ընտրությունները վարչական տեսանկյունից լավ էին կազմակերպված և քաղաքացիների հիմնարար ազատությունները հարգվում էին, այդուհանդերձ, դիտորդները հավաստի տեղեկություններ են ստացել կաշառքի, վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ:

 

Ճեպազրույցին հաջորդած քննարկման ժամանակ գովեստի խոսքեր հնչեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և տեղական ընտրական հանձնաժողովների հասցեին՝ պրոֆեսիոնալիզմի և իրենց աշխատանքը թափանցիկորեն կազմակերպելու համար, ինչպես նաև Հանրային Հ1 հեռուստաալիքի հասցեին, որը հավասար հեռուստաժամանակ է տրամադրել բոլոր մրցակիցներին: Միևնույն ժամանակ, մտահոգիչ են համարվում մամուլի ազատության հարցը և ձայների գնման հետևանքներն ու ազդեցությունը:

 

Եզրակացության մեջ նշվեց, որ չնայած որոշ բացթողումներին և դրանց հետագա հետաքննման անհրաժեշտությանը, որը կօգնի վերացնել և բացառել նման դեպքերը հետագայում, այդուհանդերձ, այս ընտրությունները եկան փաստելու, որ Հայաստանը ժողովրդավարության կառուցման ճիշտ ուղու վրա է, քանի որ թե՛ իշխանությունը և թե՛ ընդդիմությունը կարող են սովորել իրենց սխալներից և ընդունել քննադատությունը:

 

Ճեպազրույցից հետո պարոն Պինտոն ասաց. «Սա հաջողված միջոցառում էր, և ես ուրախ եմ տեսնելու, թե որքան շատ մարդ էր հետաքրքրված դրանով: Մենք հաջողություն ենք մաղթում Ազգային Ժողովի նորընտիր պատգամավորներին և ապագա կառավարության անդամներին ու անհամբեր սպասում ենք ԵՄ-ի հետ նորացված համագործակցությանը: ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերային համաձայնագրի ստորագրումը, որը, հուսով ենք, շուտով տեղի կունենա, նոր լիցք կհաղորդի այդ գործընթացին»:

 

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԿՐ ԵԿ ԵՔ ՉՔ ՀԳ ՈՒԲ ՇԹ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930