Այս պահին կարևորը Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ համաձայնագրի վավերացումն է. EuFoA-ի տնօրեն Դիոգո Պինտոյի հարցազրույցը 1ին լրատվականին

1ին լրատվականին տված իր հարցազրույցում EuFoA-ի տնօրեն Դիոգո Պինտոն անդրադարձել է մի շարք խնդիրներին, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացին:

 

Էստոնիան դարձավ Եվրամիության առաջին երկիրը, որը վավերացրեց 2017 թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում Եվրոպական միության և Հայաստանի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA): Բայց որքա՞ն կտևի փաստաթղթի վավերացման գործընթացը, և արդյո՞ք համաձայնագրի դրույթների կենսագործումը կախված է վավերացումից: Հարցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Դիոգո Պինտոն՝ ասելով, որ համաձայնագրի վավերացման գործընթացն իհարկե երկար կտևի, բայց թե որքան երկար՝ չի կարող ասել, և դժվար թե այսօր գտնվի մեկը, ով կկարողանա հստակ պատասխան տալ այդ հարցին:

Վավերացումը կարող է ձգձգվել

Փորձագետը մատնանշեց մի շարք ներքին գործոններ Եվրոպայում, որոնք կարող են ազդել գործընթացի վրա:

«Համաձայնագիրը պետք է վավերացնեն Եվրամիության 28 անդամ պետությունները, նաև Եվրոպական խորհրդարանը: Սա բարդ գործընթաց է: Հարցը պետք է ընդգրկվի այն խորհրդարանների օրակարգում, որոնց վրա ազդում են հարցեր, որոնք կապ չունեն ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ նույնիսկ Եվրամիության հետ: Ես նկատի ունեմ ներքաղաքական օրակարգերը, որոնք սկսվում են օրախնդիր հարցերից և վերջանում ներքին կուսակցական կոնֆլիկտներով: Որպես օրինակ վերցնենք Գերմանիան: Այս պահի դրությամբ՝ արդեն մի քանի ամիս շարունակ, առաջնահերթ խնդիրը Գերմանիայում կառավարության ձևավորման հարցն է, ոչ թե Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի վավերացումը: Այլ երկրներում արևելյան գործընկերոջ հետ ստորագրված ԵՄ համաձայնագրի վավերացումը կարող է ձգձգվել, թեև համաձայնագիրը շատ վատ և սխալ պատճառներով շատ հեռավոր կապ ունի ներգաղթի շուրջ ներքին քննարկումների կամ նմանատիպ այլ հարցերի հետ»,- նշեց Դիոգո Պինտոն:

Այսքանով հանդերձ Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավարը շարունակում է լավատես մնալ՝ ասելով, թե իր կարծիքով՝ այս փուլում ամենակարևորն այն է, որ Հայաստանը որքան հնարավոր է շուտ վավերացնի ստորագրված համաձայնագիրը:

«Դա թույլ կտա, որ ոչ միայն համաձայնագիրը ժամանակավորապես ուժի մեջ մտնի և սկսվի դրա կենսագործումը, այլև հզոր քաղաքական ուղերձ կլինի և ճնշում կգործադրի եվրոպական կողմի վրա՝ ավելի արագ վավերացնելու համաձայնագիրը: Դրանից հետո, իհարկե, Հայաստանն ու շահագրգիռ մյուս կողմերը պիտի ավարտին հասցնեն գործընթացը, և կախված կոնկրետ հանգամանքներից՝ պիտի կատարվեն համապատասխան քայլեր: Համոզված եմ, որ Հայաստանի դիվանագիտական առաքելությունները պատրաստ են իրենց դերը խաղալու: Մենք՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամները», իհարկե, պատրաստ ենք»,- ասում է Դիոգո Պինտոն:

Հայաստանի գլխավոր առաջադրանքը 2018-ին

Դիոգո Պինտոյի կարծիքով՝ 2018 թվականը շատ չի տարբերվելու նախորդ տարվանից Հայաստանի մարտահրավերներով և արտաքին քաղաքականության առաջնահերթություններով եվրոպական և միջազգային հարթակներում:

«2018 թ. շատ կարևոր տարի է լինելու համախմբման առումով՝ նման հաջող տարվանից հետո: Կարծում եմ՝ Հայաստանի գլխավոր առաջադրանքն այն է, որ շարունակի ամրապնդել միջազգային այն ընկալումները, որ Հայաստանը լուրջ և կայուն գործընկեր է, որը հաջողությունների է հասնում ժողովրդավարության և ազատությունների ոլորտում, բաց ազգ է աշխարհի և այժմեականության համար՝ միաժամանակ կարողանալով պահպանել իր ավանդույթներն ու հարուստ մշակույթը: Սրանք այն հատկանիշներն են, որոնք ամենաշատը կօգնեն Հայաստանին համախմբելու իր դաշնակիցներին և ձեռք բերելու նոր բարեկամներ միջազգային ասպարեզում: Աշխարհում տեղ են տալիս ժողովրդավարական, բաց և խաղաղասեր ազգերին, ոչ թե ժառանգական, ավանդական, կոռումպացված, ռազմականորեն ագրեսիվ դիկտատուրաներին: Ուստի համոզված եմ, որ Հայաստանը կշարունակի շարժվել ժողովրդավարացման և բարեփոխումների ճանապարհով: Եվրոպական երկրներն ու կազմակերպություններն այդ դեպքում էլ ավելի շատ կաջակցեն Հայաստանին և նրա ժողովրդավարությանը»:

ԵԽԽՎ-ն կարևոր հարթակ է Հայաստանի համար

Մեր խնդրանքով Դիոգո Պինտոն անդրադարձավ նաև սպասվող մեկ այլ կարևոր իրադարձության՝ Հայաստանի նախագահի այցելությանը Ստրասբուրգ և նրա ելույթին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում՝ հունվարի 24-ին: Փորձագետն ասում է, որ, իհարկե, չի տիրապետում Սերժ Սարգսյանի այցելության և ելույթի մանրամասներին, բայց անշուշտ Եվրոպայի խորհուրդը և մասնավորապես ԵԽԽՎ-ն շատ կարևոր հարթակ են Հայաստանի արտաքին քաղաքականության համար, հետևաբար շատ բնական է, որ նախագահ Սարգսյանն ուզում է լիարժեքորեն օգտագործել այդ հարթակը նախքան իր նախագահական ժամկետի ավարտը:

«Ակնկալում եմ, որ նախագահ Սարգսյանը կօգտագործի իր այցը և իր ելույթը ԵԽԽՎ-ում՝ ընդգծելու Հայաստանի դիվանագիտության առաջնահերթություններն ու ռազմավարությունները՝ ներառյալ հանձնառությունը Եվրոպայի խորհրդի արժեքներին՝ ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի իշխանությանը, և Հայաստանի վերջին հաջողությունները եվրոպական ինտեգրման ուղղությամբ, ինչպիսին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումն էր: Դա նաև լավ առիթ է Եվրոպայի խորհրդին ու ԵԽԽՎ-ին համառոտ ներկայացնելու Հայաստանում կատարված սահմանադրական և քաղաքական համակարգի փոփոխությունները և ինչ-որ կերպ նախապատրաստելու եվրոպական գործընկերներին առաջիկայում կատարվելիք անցմանը կառավարման խորհրդարանական համակարգին»:

Սերժ Սարգսյանն իր ելույթում կանդրադառնա նաև Ադրբեջանի հետ հակամարտությանը՝ ԵԽԽՎ անդամների կողմից Ադրբեջանի իշխանությունների կաշառակերության և կոռումպացված լինելու մասին վերջին բացահայտումների և դրանց հետևանքների լույսի ներքո:

«Ընդհանուր առմամբ այս այցելությունը և ելույթը լավ առիթ են ներկայացնելու Հայաստանը որպես մի երկրի, որն առաջընթաց է արձանագրում և կատարում է իր հանձնառությունները Եվրոպայի խորհրդին և միջազգային հանրությանը, բարելավում է իր ժողովրդավարական ձեռքբերումները, ամրապնդում է հասարակության ազատություններն ու իրավունքները և դրսևորում է իրեն իբրև լուրջ և պատասխանատու երկիր՝ Ադրբեջանի լիարժեք հակապատկերը»,- ավելացրեց Դիոգո Պինտոն:

Մակրոնի հետ հանդիպման կարևորությունը

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավարը տեղեկություններ չունի այն մասին, թե արդյոք նախքան ԵԽԽՎ-ում ելույթ ունենալը Հայաստանի նախագահը Փարիզում հանդիպելո՞ւ է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ, բայց ասում է՝ դա շատ կարևոր հանդիպում է, եթե այն իսկապես տեղի ունենա:

«Ֆրանսիան կարևոր խաղացող է միջազգային հարաբերություններում՝ լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ և Եվրամիության առանցքային երկրներից մեկը: Ֆրանսիան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներից է, հետևաբար առանցքային զրուցակից է, երբ խոսքը Հայաստանի դիվանագիտության առաջնահերթությունների մասին է: Ի վերջո, Ֆրանսիան հայրենիք է հայկական մեծ համայնքի համար: Նախագահ Մակրոնը երիտասարդ, խարիզմատիկ առաջնորդ է, որը գրավեց եվրոպական և համաշխարհային հանրության ուշադրությունը իր թարմ հայացքներով և նորարարական մոտեցումներով՝ մեծ հույսեր ու ակնկալիքներ առաջացնելով իր քաղաքականությունից: Նախագահական վերջին ընտրությունների ժամանակ Մակրոնն արեց որոշ հայտարարություններ, որոնք կարող են որակվել որպես «հայամետ», և որոնք, իհարկե, բարձրացրին Հայաստանի և հայերի ակնկալիքները: Բոլոր այս հարցերը միասին՝ գումարած այս տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, նպաստում են հաջորդ շաբաթ կայանալիք հնարավոր այս հանդիպման կարևորությանը»,- նշեց Դիոգո Պինտոն:

 

Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է ԱՅՍՏԵՂ:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԿՐ ԵԿ ԵՔ ՉՔ ՀԳ ՈՒԲ ՇԹ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30