Հայաստանում Մայդան դժվար է պատկերացնել. Էդուարդո Լորենցո Օչոա

Մեր կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան Առաջին լրատվականի զրուցակիցն է: Իր հարցազրույցի շրջանակում պարոն Օչոան անդրադառնում է Հայաստան-ԵՄ համագործակցությանը, վերջերս Երևանում տեղի ունեցած #ElectricYerevan զանգվածային ակցիաներին, տարածաշրջանային անվտանգության հարցերին, և այլն:
Աղբյուր՝ http://www.1in.am/1670309.html

Պարոն Օչոա, Հայաստանի պատվիրակությունը, (բացառությամբ մեկ պատգամավորի, որը դեմ քվեարկեց) չմասնակցեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված Հելսինկիի հռչակագրի քվեարկությանը, որը քննադատում էր Ռուսաստանին Ուկրաինայում ցուցաբերած ագրեսիայի համար: Մի կողմից Հայաստանը անվտանգության հսկայական խնդիր ունի և չի կարող քվեարկել մի երկրի դեմ, որը մեր անվտանգության երաշխավորն է, և մյուս կողմից էլ ամեն այսպիսի իրադրության ժամանակ Հայաստանը դեմ է դուրս գալիս ողջ քաղաքակիրթ աշխարհին: Ի՞նչ եք կարծում՝ արդյոք մեր երկրի այսօրինակ պահվածքը հասկանալի՞ է եվրոպացի մեր գործընկերների համար:

 – «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը խրախուսում և ողջունում է Հայաստան-ԵՄ համագործակցությունը, ուստի մեր աշխատանքն ու մարտավարությունը ուղղված են ԵՄ ինստիտուտներին և մարմիններին: ԵԱՀԿ-ն ԵՄ ինստիտուտ չէ, և այն մեր գործունեության հիմնական առանցքի մեջ չէ, այդ պատճառով ես չունեմ անհրաժեշտ բոլոր հիմքերը՝ պատճառաբանված կարծիք հայտնելու այդ քվեարկության շուրջ:

Բացի դրանից՝ նաև հետաքրքիր կլինի նշել, որ «Եվրանեսթ» ԽՎ-ն 2015թ. մարտին Երևանում տեղի ունեցած նիստին բանաձև ընդունեց Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Թեմայի շուրջ հայկական պատվիրակության մոտեցումը միաձայն չէր, թեև Հայաստանի պատգամավորների հայտնած ընդհանուր դիրքորոշումը վկայակոչում էր հակամարտության խաղաղ կարգավորումը Մինսկի համաձայնագրի հիման վրա: Եվրոպական խորհրդարանում պատգամավորներից շատերին է հայտնի Հայաստանի աշխարհաքաղաքական այդ իրավիճակի մասին, ուստի նրանք գիտակցում են, որ տվյալ հարցի շուրջ որոշ հայ պատգամավորների քվեն կարող է տարբերվել Եվրոպական խորհրդարանի ընդհանուր մոտեցումից:

– Վերջերս հետաքրքիր զագացումներ էին տեղի ունենում մեր երկրում. նկատի ունեմ «#ElectricYerevan»-ը: Ինչպե՞ս կբնութագրեք այն իրադարձությունները, որ տեղի ունեցան Հայաստանում նախորդ երկու-երեք շաբաթների ընթացքում՝ բողոքի զանգվածային ակցիաները, որ ծավալվեցին Հայաստանում՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման:

– Ես անհանգիստ հետևում էի իրավիճակին, չնայած մենք նույնկերպ արձագանքեցինք էլեկտրաէներգիայի գնի փոփոխություներին ԵՄ մի շարք անդամ երկրներում: Հիմնական խնդիրն այն է, որ մի կողմից մենք ունենք թարմացման ենթակա հնացած էներգետիկ համակարգ, մյուս կողմից՝ մեկ շնչին տարեկան 3700 ԱՄՆ դոլար միջին եկամուտ ունեցող բնակչություն: Իմ կարծիքով՝ այժմ ամենակարևորը կայուն լուծում գտնելն է՝ հաշվի նստելով երկու իրականություների հետ, նկատի ունենալով, որ էներգետիկ անվտանգությունը ցանկացած երկրի ընդհանուր անվտանգության կարևորագույն գործոններից է:

– Ռուսաստանը մեծ վախեր ուներ այդ բողոքի ակցիաներից՝ մասնավորապես այն առումով, որ Հայաստանում կարող է գունավոր հեղափոխություն կամ երկրորդ Մայդան հասունանալ: Կարծում եք՝ Հայաստանի քաղհասարակությունը վերջին շրջանում այդքան զարգացե՞լ է:

– Հայաստանի քաղաքացիական հասարակությունը բավականաչափ բազմազան ու ակտիվ է և իրապես զարգացել է վերջին տարիներին՝ փորձառության և արդիականության տեսանկյունից: Այնուամենայնիվ, հասարակական կազմակերպությունների միջև կապերի առումով, կարծում եմ, դեռևս առաջընթացի տեղ կա: Ինչ վերաբերում է Հայաստանում երկրորդ Մայդան ստեղծելու հավանականությանը, հաշվի առնելով երկրի սոցիոլոգիական միտումները, այդ երևույթը դժվար է պատկերացնել:

– Հայաստանը պատրաստվում է Եվրամիության հետ նոր գործակցության գնալ: Դուք գիտեք, որ կողմերն այդ մասին պատրաստակամություն հայտնեցին Ռիգայում տեղի ունեցած արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում: Ի՞նչ եք կարծում՝ մենք ե՞րբ կարող ենք տեսնել այդ գործակցության առաջին պտուղները:

– Ռիգայի Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում ԵՄ-ն և ԱլԳ երկրները հռչակագիր ստորագրեցին, որը վերանայեց մինչ այժմ արձանագրված ԱլԳ ձեռքբերումները և ուրվագծեց իր առաջնահերթություններն ու նպատակները հաջորդ՝ 2017թ. գագաթնաժողովին ընդառաջ: Հռչակագրի մի շարք դրույթներ վերաբերում էին Հայաստանին և Հայաստան-ԵՄ հետագա հարաբերություններին:

Ռիգայի հռչակագիրն ընդգծեց Հայաստան-ԵՄ հետագա համաձայնագրի ընդհանուր գաղափարը՝ միտված փոխադարձ հետաքրքրության բոլոր ոլորտներում համապարփակ գործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Հռչակագիրը թվարկում է նաև ակտիվ համագործակցության մի շարք ոլորտներ՝ հղում կատարելով Արևելյան Եվրոպայի էներգետիկ արդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերությանն անդամակցելիս Հայաստանի առաջընթացին: Շարժունակության օրակարգը, ինչպես և Հայաստանի՝ ԵՄ ծրագրերին և կառույցներին միանալը ներառված էին փաստաթղթում: Անդրադառնալով հետագա քայլերին՝ մայիսի 19-ին Եվրոպական հանձնաժողովը առաջարկ արեց Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել, և ես վստահ եմ, որ շատ շուտով կլինի նաև Խորհրդի կողմից հաստատումը:

– Եվրամիության և Հայաստանի միջև տնտեսական գործակցություն հնարավո՞ր է:

– Անշուշտ: Փաստ է, որ Հայաստանի առևտրի շուրջ 25%-ը իրականացվում է Եվրոպական միության հետ, ուստի ես վստահ եմ, որ երկու կողմերն էլ կանեն ամեն ինչ այս իրականությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր իրավական հիմք տեղափոխելու համար, այնպես, որ պահպանվեն Հայաստանի միջազգային պարտավորությունները: Ի հավելումն ասածիս, տնտեսական դաշտում գոյություն ունեն այլ ոլորտներ, որոնց շուրջ Հայաստանը և ԵՄ-ն կարող են համագործակցել, օրինակ՝ մրցունակություն, ՓՄՁ-ներ, տրանսպորտ, տեխնոլոգիա, շրջակա միջավայր, նորարարական ոլորտներ, և այլն:

 

News Roundup

Subscribe to our news roundup to get news on your email.

Archive

November 2017
SU MO TU WE TH FR SA
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930